Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կրթական ծրագրերը հիմնականում տեսական գիտելիքներ են տալիս»

Փետրվար 01,2016 17:20

Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ Քրիստինե Սողիկյանը նկատել է, որ տարիների ընթացքում երիտասարդների հետաքրքրությունը «Թարգմանչական գործ» մասնագիտության նկատմամբ զգալիորեն աճել է:

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Աբովյանն էլ նկատել է, որ ուսանողները լիարժեք գիտելիքներ ձեռք չեն բերում, որովհետև կրթական ծրագրերը հիմնականում տեսական գիտելիքներ են տալիս, և ավելի շատ գործնական աշխատանքներ անելու խնդիր կա:

«Մենք բուհի հետ հիմնականում համագործակցել ենք արտադրական պրակտիկայի շրջանակներում: Թերևս կարելի է երկարացնել կամ ավելի հաճախ կազմակերպել արտադրական պրակտիկա ասվածը, քանի որ եթե թարգմանիչը ստանում է տեսական գիտելիքներ, բայց չի ունենում պրոֆեսիոնալ միջավայր, որտեղ կարող է գործնականում կիրառել դրանք, այդ գիտելիքները շատ շուտով անցնում են պասսիվ հիշողություն կամ իսպառ մոռացվում են»,- ասում է Լ. Աբովյանը:

Ըստ նրա՝ այսօր բուհերի թողարկած թարգմանիչները հիմնականում գեղարվեստական թարգմանություն անելու մեջ են մասնագիտացած: Մինչդեռ, այլ ոլորտներում մասնագիտացած թարգմանիչների կարիք կա. «Այդ առումով կաղում են մեր շրջանավարտները: Լավ կլինի, որ մի քանի առանցքային ոլորտներ (իրավական, ֆինանսատնտեսագիտական և այլն) առանձնացվեն և դրանցում ավելի խորը մասնագիտական գիտելիքներ տրվեն»,- կարծում է Լ. Աբովյանը:

Այս համատեքստում կարևոր է իմանալ ու հասկանալ, թե ինչ է ուզում գործատուն: Դրա համար ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը, Շրջանավարտների միավորման ու անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը ԵՊԼՀ-ում այսօր կազմակերպել էին «Բուհ-գործատու համագործակցություն, թարգմանչական կրթական ծրագրերի վերջնարդյունքների համաձայնեցումը գործատուների հետ» կլոր սեղան-քննարկում՝ հասկանալու, թե գործատուն ինչ պահանջներ ունի շրջանավարտ թարգմանչից:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29