Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածու, նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը մեզ հայտնեց, որ ինքը հավատում է փետրվարի 14-ին կայանալիք ընտրություններում իր հաղթանակին: Նրա խոսքերով` իշխանությունները հավաստիացրել են, որ այդ ընտրություններն արդար են լինելու: Ժորա Սահաբալյանն ասաց, որ քաղաքապետի նախկինում կայացած ընտրություններում իր պարտությունների պատճառն այն է, որ այդ ընտրություններն արդար չեն եղել:
Փետրվարի 14-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում անկուսակցական, 1946թ. ծնված Ժ. Սահաբալյանը թեկնածու է առաջադրվել ինքնառաջադրմամբ: Ժ. Սահաբալյանը Դիլիջանը ղեկավարել է 2002-2005թթ.: 2005թ. տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում նա պարտվել է Արմեն Սանթրոսյանին: Սահաբալյանը 2008թ. ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, սակայն ինչ-ինչ պատճառներով հանել այն: Նա դուրս է եկել ՀՀԿ-ից, անդամագրվել ԲՀԿ-ին եւ 2012թ. ՏԻՄ ընտրություններում հանդես է եկել որպես այդ կուսակցության կողմից առաջադրված թեկնածու:
Փետրվարի 14-ին կայանալիք ընտրություններում Ժ. Սահաբալյանը կմրցակցի ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի կողմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, 2005 թվականից Դիլիջանի քաղաքապետ, 1968թ. ծնված Արմեն Սանթրոսյանի հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ