Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան հանդիպելու են ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, հստակություն կմտնի այն հարցում, թե ինչ պորտֆելներ են տրամադրվելու ՀՅԴ-ին:
Մեր տեղեկություններով՝ օրերս հրաժարականի դիմում կներկայացնի Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Խոսակցություն կա, որ նա կնշանակվի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին, որի թոշակային տարիքը վաղուց լրացել է:
Ըստ ամենայնի, իր պաշտոնից կհրաժարվի նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Շիրակի եւ Արագածոտնի մարզերում կնշանակվեն դաշնակցական գործիչներ:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններում դաշնակցությունը երեք նախարարական պորտֆել է ուզել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին կտրոհվի: Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում շրջանառվում է Դավիթ Լոքյանի անունը:
ՀՅԴ-ին կտրվի նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի կամ էկոնոմիկայի նախարարությունը: Այդ նախարարություններից որեւէ մեկում կնշանակվի ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հնարավոր է բանակցություններ տարվեն Արծվիկ Մինասյանի փոխարեն Արա Նռանյանին նշանակելու հարցի շուրջ, քանի որ Ազգային ժողովում Արծվիկ Մինասյանը դաշնակցության «ծանր հրետանին» է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ