«Դուք գնացիք այն ճանապարհով, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունենա ներկայացնել իր թեկնածուին, բայց, այնուամենայնիվ, ընտրվելու է հանձնաժողովում մեկը: Որպեսզի լիագումար նիստում կատարվի ընտրություն, առնվազն գոնե երկու թեկնածու պետք է լինի, որպեսզի գոնե մենք կարողանանք անել ընտրություն: Դուք հիմա ֆիլտր եք անում՝ թողնելու միայն մեկին»,- այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը օմբուդսմենի թեկնածության առաջադրման կարգի մասին նախագծի քննարկման ժամանակ հարցրեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին:
Վերջինս պատասխանեց. «Հանձնաժողովն է քննարկում եւ այդ ֆիլտրի դերը կայացնում: Մենք հնարավորություն ենք տալիս, որ բոլոր խմբակցություններն իրենց թեկնածուին ներկայացնեն»:
Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց, որ առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները ներկայացվեն ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համակարծիք էր Զարուհի Փոստանջյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հետ, որ երկու թեկնածու է անհրաժեշտ: Բացի այդ նա ասաց, որ կարեւոր է՝ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարողանա իր թեկնածուին ներկայացնել. «Շատ հարգում եմ Տիգրան Ուրիխանյանին, բայց նա ԲՀԿ կուսակցության անդամ չէ: Մեր եւ իր տեսակետները կարող է թեկնածուի հարցում չհամընկնեն: Ի՞նչ մեխանիզմով մենք կարող ենք մեր թեկնածուին առաջադրել, եթե հանձնաժողովում ներկայացված Տիգրան Ուրիխանյանի հետ համակարծիք չլինենք: Մենք կարող է ուզենանք, որ օմբուդսմենի թեկնածուն լինի Վարդան Հարությունյանը, օրինակ, կամ Ավետիք Իշխանյանը: Բայց մեր գործընկերը կարող է չի կիսում այդ տեսակետը»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը նաեւ հորդորեց, որ գոնե հաջորդ Մարդու իրավունքների պաշտպանին չդարձնեն քավության նոխազ, որովհետեւ երբ օմբուդսմենի զեկույցում քննադատվում է իշխանության որեւէ մարմնի աշխատանքը, իշխանության հարվածների տակ է ընկնում օմբուդսմենը, որակվում վատ կադր, երբ մի տողով ընդդիմությանն է քննադատում՝ ընդդիմությունը սրբազան պատերազմ է սկսում նրա դեմ՝ անվանելով իշխանության դրածո. «Չդարձնենք Մարդու իրավունքների պաշտպանին իշխանության կամ ընդդիմության դրածոն: Չդնենք մարդուն այնպիսի իրավիճակում, որ նա ստիպված լինի պարբերաբար արդարանալ իր որոշման համար»:
Նա հայտարարեց. «Մենք եւս մեկ անգամ սխալվելու իրավունք չունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ