Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ պատվիրակ. փաստարկները, որ հայկական կողմը խոչընդոտել է Միլիցա Մարկովիչի այցը ԼՂ՝ բացարձակ սուտ են (Տեսանյութ)

Փետրվար 01,2016 16:18

«Դա եղել է քաղաքական նպատակներ ու հարցադրումներ ունեցող զեկույց»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն`անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչի`Սարսանգի ջրամբարին վերաբերվող զեկույցին:

«Հարգարժան տիկնոջը քանիցս տարբեր ձևաչափերով փորձել ենք հանդիպել, զրուցել, հրավիրել իր համար ցանկացած ընդունելի ժամանակ: Տիկինն անընդհատ տարբեր պատճառներով հրաժարվել է: Նրա բերած փաստարկները, որ հայկական կողմը խոչընդոտել է իր այցը ԼՂ, բացարձակ սուտ են: Կա ամբողջ նամակագրությունը, լրագրողները կարող են քարտուղարությունից ստանալ»,- այս առիթով իր կարծիքը բարձրաձայնեց պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ Մարկովիչը հակված չի եղել որևէ համարժեք առաջարկ լսելու: «Տիկնոջ անվրդով տեսքը տեսել եք, նույն անվրդով տեսքով ինքն ասում էր՝ այո, համաձայն եմ դիտողությունների հետ, բայց ես այս զեկույցը պաշտպանելու խնդիր ունեմ»:

ԵԽԽՎ Սոցիալական հարցերի անդամ Նաիրա Կարապետյանն էլ ասաց, որ հանձնաժողովում ինքն ու Վահան Բաբայանը առաջարկել են անգամ ուղղաթիռով ուղեկցել կնոջը: «Մարկովիչի ներկայացրած փաստաթուղթն էական տարբերվում էր տեխնիկական էքսպերտի ներկայացրած եզրակացությունից»,- ասաց նա, եւ ի ցույց դնելով զեկույցի հեղինակի անտեղյակությունն՝ ասաց, որ անգամ նրան հարց են ուղղել`հնարավո՞ր է Զվարթնոց օդանավակայանից մեկ ժամում հասնել այդ ջրամբար եւ ետ դառնալ: Ու ստացել են դրական պատասխան:

Նա տեղեկացրեց, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի մասին հայկական կողմը հատուկ կարծիք է ներկայացրել, որտեղ մանրամասնել են, թե ինչո՞վ է զեկույցի հեղինակը գերազանցել իր լիազորությունները`մտնելով քաղաքական դաշտ, խախտել է ԵԽԽՎ կանոնակարգը:

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ երկու հեղինակների համար էլ սկզբունքային հարց է եղել`գրել զեկույց, առանց տարածք այցելելու: Հիշեցրեց, որ 1990-ականներից սկսած Ադրբեջանի իշխանությունները մերժել են ջրամբարի ջուրը համատեղ օգտագործելու համար: Ռազմավարությունը մեկն է`ոչ մի համագործակցություն, քանի կոնֆլիկտը կարգավորված չէ: Մինչդեռ միջազգային հանրությունը հակված է հակառակ միտմանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ այդ զեկույցի ընդունման առիթով հայկական մամուլում տեղ գտած քննադատություններին: «Ասում են`որտե՞ղ էր ռուսական պատվիրակությունը: Հարգելիներս, ռուսական պատվիրակությունը երկու տարի է զրկված է ձայնի իրավունքից, եւ բոյկոտում է ԵԽԽՎ-ի աշխատանքները: ԵԽԽՎ-ի աշխատանքների մասին գրողը կամ վերլուծությունն անողն առնվազն պետք է իմանա, որ ԵԽԽՎ-ի շենքը Բրյուսելում չի գտնվում»,- ասաց նա:

Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ դերակատարում են ունեցել հայկական շահերը պաշտպանելու հարցում: Նա ձեռնպահ մնաց քննադատություններին անդրադառնալուց, քանի որ, իր կարծիքով, դրանց մեծ մասը համարժեք չէին, մակերեսային էին, ցույց էին տալիս մի բան`քննադատող մարդիկ ԵԽԽՎ-ի կանոնակարգերը չգիտեին: «ԵԽԽՎ-ի այդ լավ մասնագետներից մեկ-երկուսին ԵԽԽՎ-ի մայթով զբոսնելիս տեսել եմ»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29