Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Լեւոն Զուրաբյանը բոլորովին օրիգինալ չէ»

Փետրվար 01,2016 15:50

«Որեւէ մեկս զեկույցների նախաձեռնման օրից մտահոգություններ չէինք կարող չունենալ: Այս իմաստով, Զուրաբյանը բոլորովին օրիգինալ չի»,- այսօր, խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը` պատասխանելով ԱԺ լիագումար նիստում Լեւոն Զուրաբյանի հնչեցրած քննադատություններին վերաբերվող հարցին:

Նիստում, հիշեցնենք, Լեւոն Զուրաբյանը զարմանք հայտնեց առ այն, որ ամբողջ իշխանական քարոզչամեքենան լծվել է մի խնդրի լուծմանը՝ մեր ժողովրդին ապացուցելու, թե իբր Ստրասբուրգում ոչ մի վատ բան չի պատահել՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի ընդունմամբ: Ըստ Զուրաբյանի, իրականում շատ վատ բան է պատահել, քանի որ այդ զեկույցում առաջին անգամ ամրագրվում է, որ Հայաստանը նաեւ ԼՂՀ-ն է օկուպացրել:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի նյարդերը տեղի տվեցին ու նկատեց, որ ԵԽԽՎ-ում լիբերալների խումբն էր առավելապես «կողմ» հակված այդ զեկույցներին, իսկ մեր պատվիրակության անդամներից այդ խմբի անդամ է միայն Լեւոն Զուրաբյանը:

Տիկին Նաղդալյանը ձեռնպահ մնաց լիբերալների խմբին կամ խմբից ինչ-որ մեկին ինչ-որ բանում մեղադրել, բայց նկատեց, որ խմբում քննարկումներ են ընթանում ու քննարկումների ձեւավորված մթնոլորտի արդյունքում են քվեարկությունները լինում: «Խմբի ղեկավարը ադրբեջանական լոբբիստ է, ու նրա լոբբիստական գործունեությունը շատ մեծ ազդեցություն է ունենում»,- ասաց նա:

Խմբի մեկ այլ անդամ՝ Նաիրա Կարապետյանն էլ նկատեց, որ իրենց դժգոհությունը բացառապես հետեւյալն է`միայն լիբերալների խմբի ղեկավարի ելույթում է կոչ հնչել`«կողմ» քվեարկել:

Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ պահպանողականների խմբի, որի անդամ է ինքը, որեւէ բրիտանացի պատգամավոր «կողմ» չքվեարկեց Ռոբերտ Ուոլթերի նախագծին, երբ Ուոլթերը բրիտանացի պատվիրակ էր: «Շատ կարեւոր է խմբերում մարդկանց հետ ճիշտ աշխատանք տանելը»,- ասաց նա:

Հերմինե Նաղդալյանը հավելեց, որ հայկական պատվիրակության դիրքորոշումն այս զեկույցների քննարկման ժամանակ այնպիսին է եղել, որ Արցախի վերաբերյալ որևէ զեկույց պետք է քննարկվի Արցախի մասնակցությամբ: Ասաց նաեւ, որ հայկական պատվիրակությունը միջոցներ կձեռնարկի, այլ միջոցներով կփորձի անդրադառնալ Սարսանգի ջրամբարի զեկույցին, թե ինչ միջոցներ, չեն մանրամասնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29