«Աննախադեպ իրավիճակ է: Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել»,- այսօր ԱԺ նիստում ասաց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ ներկայացնելով օմբուդսմենի թեկնածության առաջադրման մասին նախագիծը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ աննախադեպ իրավիճակ չկա, նախորդ մարդու իրավունքների պաշտպանն էլ է հրաժարական տվել: Նա հարցրեց՝ ինչո՞ւ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին չպետք է ներկայացնի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, դա նույնն է թե Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածուին առաջադրեր Կրթության եւ գիտության հանձնաժողովը. «Եթե նույնիսկ կարելի է համակերպվել, որ իրավական հարց է, այստեղ որեւէ տրամաբանություն ուղղակի գոյություն չունի»:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ քանի որ 3 օմբուդսմենների հետ էլ խնդիրներ են եղել, դուք չգիտե՞ք՝ լավ, ի՞նչ տեղի ունեցավ մեր Մարդու իրավունքների պաշտպանի հետ. «Ինչ-որ խոսակցություններ են գնում, որ հարկադրանքներ են կիրառվել, ստիպել են Մարդու իրավունքների պաշտպանին հրաժարական տալ, խոսակցություններ կան շանտաժի մասին: Այդ ամեն ինչը կապվում է կոնկրետ մարդու անուն-ազգանվան հետ: Խոսքը Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի մասին է: Հիմա եթե ԱԺ-ն կարող է մի պաշտոնյայի նշանակել եւ հաջորդ պահին որեւէ երկրում դեսպան զանգի ասի՝ արագ հրաժարական տուր, ուրեմն պիտի նա հրաժարակա՞ն տա: Չպիտի՞ էս ինստիտուտների աշխատանքը վերջապես հասկանանք, էս ի՞նչ ա կատարվում: Եթե այս լուրերը պարզվի իրականությանը համապատասխանում են՝ քրեական հանցակազմ չկա՞: Ի վերջո օմբուդսմենի ինստիտուտը անկախ է, ի՞նչ է նշանակում ստիպել նրան ինչ-որ բեմի հետեւում հրաժարական տալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ