Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ի համար վտանգներ չկան. Հենց հիմա կարող եմ 10 հոգու հրամանագրել, գնան այդ հանձնաժողով». Գալուստ Սահակյան (Տեսանյութ)

Փետրվար 01,2016 15:23

ԱԺ-ում քննարկվում է ԱԺ-ի 2012-ի մայիսի 31-ի որոշման մեջ լրացում անելու եւ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ՄԻՊ թեկնածու առաջադրելու կարգի մասին հարցը:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց նախագիծը, որով նախատեսվում է նոր Սահմանադրության համաձայն իրավասու հանձնաժողով սահմանել, որը պետք է ներկայացնի օմբուդսմենին: Ընդ որում, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է իրավունք ունենա ներկայացնել մեկական թեկնածուի:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը դժգոհեց, որ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի հարցն» էլ տվել են ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովին, այնպիսի տպավորություն է, որ իրավասու հանձնաժողովից ուզում են հարցերը տանել ուրիշ տեղ. «Իսկ եթե էդ հանձնաժողովի նախագահը լիներ ՀՀԿ-ական, կարո՞ղ է թողնեիք, որ այս հարցը այնտեղ մնար: Մարդու իրավունքների երկու հարց տանում եք ուրիշ տեղ: Միտում կա՞ սրա տակ»:

Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ որեւէ միտում չկա, պարզապես ԱԺ կանոնակարգ օրենքով այդ հարցերը տրված են Պետաիրավական հանձնաժողովին: Նա ասաց, որ իրենց համար որեւէ վտանգ չկա. «Հենց հիմա կարող եմ 10 հոգու հրամանագրել, գնան Մարդու իրավունքների հանձնաժողով: Ուզում եմ ասեմ՝ վտանգներ չկան, պարզապես Պետաիրավականը պետք է անի»:

Նա նաեւ հիշեցրեց, որ անկախ հանձնաժողովների քննարկումներից, դեռ լիագումար նիստում պետք է քվեարկվի, իսկ այստեղ իրենք հո մեծամասնություն են:

Արամ Մանուկյանն էլ արձագանքեց, որ իհարկե, կարող են 15 հոգու էլ հրամանագրել ու անցկացնել ցանկացած թեկնածուի, բայց տպավորությունն այնպիսին է, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին ուզում են մեկուսացնել:

Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ այդ հարցադրումն արհեստական է. «Խոսքը վերաբերում է նոր Սահմանադրությամբ նախատեսված նոր իրավասությանը՝ մարմին ստեղծելու»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29