Այս տարի թողարկվելու է երաժիշտ Վահան Արծրունու «Piano drops» ձայնասկավառակը, որը ներառում է նրա դաշնամուրային ստեղծագործությունների շարքը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հեղինակը: «Դա նոր ոլորտ է ինձ համար, չէ որ ես կիթառահար եմ եւ իմ այսպես կոչված պրոֆիլային գործիքը կիթառն է»,-ասաց Վահան Արծրունին:
Այս տարի երաժիշտը նաեւ կներկայացնի վաղուց խմորված «Մաշտոց-Կոմիտաս» նախագիծը. «Առաջին բաժնում կներկայացվեն մաշտոցյան շարականները իմ մեկնությամբ, իսկ երկրորդ բաժնում՝ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված շարքը: «Կոմիտաս. 10 հայտնություն» շարքի երաժշտության հեղինակը ես եմ, դա իմ օրիգինալ երաժշտությունն է: Շարքի հիմքում վարդապետի 10 բանաստեղծություններն են՝ «Ես եմ», «Ճանապարհ», «Բաղձանք», «Անուշ գարուն»,-տեղեկացրեց Արծրունին:
Ինչ վերաբերում է մաշտոցյան շարականներին, ապա 130-ից մեզ հասել են 11-ը, հիմնականում՝ ապաշխարության շարականներ եւ ողորմյաներ: Այլ երաժիշտների հետ հնարավոր գործակցության մասին էլ Վահան Արծրունին ասաց, որ հավատարիմ է իր մենակատարներին. «Չեմ սիրում ծանր հրետանին փոխել, իրենք էլ ինձ են հավատարիմ, դրանով էլ պայմանավորված է մեր հաջողությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ