Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Աստված ոչ մեկին չի պատժում

Փետրվար 01,2016 16:00

Մեր պատժի եւ դժոխքի աղբյուրը միայն մենք ենք

1980-ականներին կար մի կուսակցական աշխատող, որը սրտի խնդիրներ ուներ: Նրան խորհուրդ տվեցին շուն պահել, եւ իսկապես՝ կենդանու հետ շփվելու շնորհիվ նրա առողջական վիճակը էապես լավացավ: Այնքան լավացավ, որ այդ մարդը որոշեց, թե շունն իրեն այլեւս պետք չի, ու նվիրեց կենդանուն մեկ ուրիշ մարդու: Նվիրելուց մի քանի օր անց նա ստացավ սրտի կաթված ու մահացավ:

Գուցե նման դեպքերի համար են ասում՝ «Աստված պատժեց»: Բայց ինձ այդ արտահայտությունը բոլորովին դուր չի գալիս: Չգիտեմ, թե ինչ են այդ մասին մտածում հոգեւորականները, բայց ինձ թվում է՝ Աստված ոչ մեկին չի պատժում: Ընդհակառակը՝ նա քաջալերում է մեզ, երբ մենք ճիշտ ենք ապրում, ուղղություն է ցույց տալիս, թե ինչպես դա անել: «Պատժիչ» գործառույթ ունեն պետական մարմինները, երբ մարդը խախտում է տվյալ երկրի օրենքները: Պատժում է հիմնարկի տնօրենը, երբ իր աշխատողն այս կամ այն հարցում թերանում է: Պատժում են ծնողները, ասենք՝ անկյուն են կանգնեցնում իրենց երեխաներին, երբ վերջիններս չարություն են անում: (Ի դեպ, ինձ թվում է, որ տնօրենի եւ ծնողների պատիժները պետք է հասցնել նվազագույնի):

Բայց երբ մարդը ինչ-ինչ ֆիզիկական, հոգեւոր կամ նյութական դժվարություն է զգում եւ մտածում է, թե իր վիճակն «Աստծո պատիժ» է (կամ ավելի վատ՝ հուսահատ հարցնում՝ «այդ ո՞ր մեղքերիս համար»), դա, հավանաբար, փակուղի է: Առնվազն՝ ճակատագրապաշտություն: Այսինքն՝ դուք մտածում եք, որ արժանի չեք ձեր կյանքում լինի սեր եւ ներդաշնակություն՝ այն պատճառով, որ ձեր կյանքում զանազան մեղքեր եք գործել: Դա, կարծում եմ, ուղիղ ճանապարհ է այլ՝ ավելի ահավոր մեղքեր գործելու համար: Նույնքան սխալ է մտածել, որ ինչ-որ մեկ այլ մարդու Աստված պատժում է՝ իր մեղքերի համար:

Իրականում կա մի մարդ, որը մեզ կարող է պատժել, որը կարող է մեր կյանքը դժոխք սարքել: Եվ այդ մարդը, ինչպես ասում են, դու ես: Օրինակ՝ նույն կուսակցական աշխատողի պարագայում կարող ենք ասել, որ նա զգում էր իրեն նվիրված շնչավոր արարածի կարիքը, նույնիսկ համոզվել էր, որ այդ էակի հետ շփվելն իր առողջության համար բարենպաստ էր, բայց մինչեւ վերջ չէր գիտակցել իր օգուտը եւ հրաժարվել էր այն հրաշալի հնարավորությունից, որը կյանքը նրան առաջարկել էր: Ի՞նչ է, Աստվա՞ծն էր իրեն դրդում, որ նա հրաժարվի: Ըստ ամենայնի՝ ոչ: Դա տվյալ մարդու սխալ ընտրությունն էր: Իսկ քանի՞ հրաշալի հնարավորությունից ենք մենք հրաժարվում ամեն օր եւ գուցե ամեն րոպե:

Ենթադրենք, դուք ստամոքսի խոց ունեք: Շատ հնարավոր է, որ այն առաջացել է սխալ սնվելուց: Բայց դուք կփաստեք նաեւ, որ ձեր շուրջը կան տասնյակ մարդիկ, որոնք ավելի վատ են սնվում, քան դուք, եւ ոչ մի խոց էլ չունեն: Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ հիվանդությունները գալիս են ոչ այնքան մեր սխալ ապրելակերպից (դա հետեւանք է), որքան մեր «սխալ մտքերից»: Այսինքն՝ տվյալ դեպքում դուք ստամոքսի խոց ունեք ձեր հոգին եւ մարմինը թունավորող մտքերից ու զգացմունքներից՝ թշնամանքից, գոռոզությունից, ատելութունից, նախանձից, ցասումից: Ոչ թե Աստվածն է մեզ պատժում այդ թունավոր մտքերի համար, այլ միայն եւ միայն ինքներս մեզ:

Բոլոր հիվանդությունները մեր սխալ մտածելակերպի արդյունք են, որովհետեւ մարմինը եւ հոգին մեկ միասնական ամբողջություն են: Ցանկացած «սխալ միտք» ազդանշան է, որն ուղիղ ճանապարհով խոցում է մեր մարմնի այս կամ այն մասը: Ցանկացած «ճիշտ միտք» դարման է, որն առողջություն եւ երջանկություն է պարգեւում: Բայց նախ՝ մենք երբեմն չգիտենք, թե որն է ճիշտն ու սխալը, եւ երկրորդ՝ նույնիսկ եթե գիտենք, ապա միեւնույն է՝ հաճախ չենք կարողանում մեզ զսպել եւ տրվում ենք, այսպես ասած, «սեւ հոսանքին»:
Մի տեղ կարդացել եմ այսպիսի մի դեղատոմսի մասին: Ձեռքին ապարանջան ենք կապում ու հենց որ որեւէ մեկի մասին ունենում ենք որեւէ չար միտք կամ մասնակցում ենք որեւէ բամբասանքի կամ չարախոսության, այդ ապարանջանը մի ձեռքից տեղափոխում ենք մյուսը: Սկզբում այդ «տեղափոխությունները» կկատարվեն օրը մի քանի անգամ: Հետո՝ ավելի հազվադեպ: Նպատակը՝ 21 օր ապարանջանը միեւնույն ձեռքի վրա ունենալն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Այն ամենը, ինչը մարդուց կախված չի, կոչվում է աստված: Քանի որ շատ բաներ կան, որոնք մեզնից կախված չեն, բայց կուզենայինք մեր ուզածով լիներ, ուրեմն պետք է լեզու գտնենք աստծու հետ: Բարդ հարցերում մեծերի տրամաբանությանը ենթարկվելը չի փրկում, երեխան շատ ավելի մոտ է բնականին, այսինքն՝ աստծուն, դրա համար էլ մեղքը նա է, երբ քո հոգուց երեխային վանում ես: Երբ մի տեղդ ցավում է, պատկերացրու միջիդ երեխան լաց ու կոծը դրել է, ուզում ես ձայնը կտրի՝ քաղցր բառեր ասա, մի բան արա ուշադրությունը շեղի, մինչեւ որ էդ ցավն անցնի: Իսկ եթե մեծավարի տրամաբանես ու ոչինչ չանես, էդ զռռոցը չի կտրվի: Կարճ ասած՝ հոգուդ միջի երեխային միշտ երջանիկ պահի ու ոչ մի բանից մի վախենա, ամենազոր աստվածը կանի ավելին, քան դու կերազես:

  2. Արմեն says:

    Հարգելի հեղինակ,

    իսկ ըստ Ձեզ, մանկահասակ, անգամ նորածին երեխաների երբեմն պատահող ծանր հիվանդություններն ում մտքերի հետևանքներն են ???:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29