Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը փետրվարի 1-ին դադարեցրել է իր լիազորությունները: Հանձնաժողովի հաջորդ նախագահը լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, եւ մամուլում արդեն շրջանառվում են Խոսրով Հարությունյանի եւ Սուքիաս Ավետիսյանի անունները:
Սուքիաս Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է նման բան լսում. «Ես ընդամենը եղել եմ էթիկայի հանձնաժողովի անդամ, այսօր ստացվում է, որ այս կազմով վերջին նիստն է կայացել էթիկայի հանձնաժողովի: Ըստ կանոնակարգի, խմբակցությունները նոր անդամներ են առաջադրելու: Ես տեղյակ չեմ: Առաջին հերթին համապատասխան խմբակցությունները կորոշեն իրենց կազմերը, հետո, ինչպես կարգն է, հանձնաժողովի նախագահը կլինի Հանրապետական, որովհետեւ հերթը Հանրապետական կուսակցության խմբակցությանն է»:
Սուքիաս Ավետիսյանը նույնիսկ չբացառեց, որ միգուցե, ինքը հանձնաժողովի կազմում չլինի. «Առաջադրման մասին խոսք չի եղել, ինձ որեւէ մեկը բան չի ասել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ