Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Ես չեմ ասում Հանրապետականի համար ժողովրդի ուշքը գնում է, աննորմալ էլ կլինի»

Փետրվար 01,2016 14:39

«Վարկանիշը սոցիալ հոգեբանական երեւույթ է, որ տարբեր մարդիկ վարկանիշների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր կարծիքներ»,- փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե իշխանության հետ համագործակցելով` Դաշնակցության վարկանիշն ընկնում է, ասաց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ համամիտ չէ Արմեն Ռուստամյանի գնահատականների հետ, բայց նաեւ այն կարծիքին չէ, որ «բոլորի ուշքը գնում է» իշխանության համար. «Բայց միեւնույն ժամանակ բոլորի ուշքը չի գնում ընդդիմության համար: Եվ այդ իմաստով մեր երկրում կան խնդիրներ, եւ Հանրապետականը չի գնում պրիմիտիվ խնդիրներ լուծելու, չի գնում պրիմիտիվ եզրույթներ օգտագործելու կամ ասելու: Այսինքն՝ զգացմունքային չի խնդիրը, խնդիրը խորքային է, եւ Հանրապետականն իր սկզբնավորման առաջին իսկ օրվանից մշտապես առաջնորդվել է պետության գերակայությամբ: Միշտ ստացվել է, միշտ չի ստացվել, դա այլ հարց է, բայց որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես ունեցել է նպատակ ծառայելու հայրենիքին, ծառայելու պետությանը, քաղաքացուն, դա փաստ է:

Բնականաբար, եղել են նաեւ թերություններ, բայց այն որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր էլ Հայաստանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ եւ ամենամեծ ռեսուրսն ունեցող քաղաքական ուժն է, իր բոլոր թերություններով հանդերձ, սա փաստ է: Այն, որ այս հարցում տարբեր քաղաքական ուժեր կարող են ունենալ տարբեր կարծիքներ, սա էլ բնական է՝ մեզ մոտ բազմակարծություն է, եւ ես չեմ ուզում հիմա ասել, ըստ իս՝ ով վարկանիշ ունի, ով վարկանիշ չունի»:

Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ կուսակցությունների, քաղաքական կուսակցությունների արդյունավետությունը երեւում է ընտրություններում. «Դրա համար մենք նախաձեռնել ենք նաեւ ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություն, որը պետք է ընդունենք մինչեւ հունիսի 1-ը, որպեսզի մենք օրենքով սահմանված կարգով՝ թղթի վրա այնպիսի մեխանիզմներ ստեղծենք, որոնք գրեթե զրոյի կհասցնեն ընտրական խախտումները, կրկնաքվեարկության հնարավորությունը, որպեսզի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հանրությունը, որեւէ կասկած չունենք, հիմնավորված արդյունքը ունենա:

Բայց այն, որ Դաշնակցության իմ բարեկամը կարող է ունենալ մի կարծիք, ես էլ կարող եմ ունենալ մեկ այլ կարծիք քաղաքական ուժերի վերաբերյալ, բայց ես գերադասում եմ այդ կարծիքը պահել ինձ:

Իսկ ինչ վերաբերվում է Հանրապետականին, ապա ի լուր բոլորին պետք է ասեմ՝ ուզեն մեր գործընկերները, թե չուզեն, ես չեմ ասում Հանրապետականի համար ժողովրդի ուշքը գնում է, աննորմալ էլ կլինի, որ ես այդպիսի բան ասեմ, բայց այն, որ իր բոլոր թերություններով հանդերձ՝ Հանրապետականը ամենակայացած, ամենակայուն, ամենակուռ եւ ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, սա փաստ է: Իսկ այն, որ մենք նաեւ կուսակցամոլ չենք, ջայլամի նման գլուխներս չենք կոխել ավազի մեջ եւ միայն մեզ չենք տեսնում, սա էլ փաստ է: Մենք պատրաստ ենք ծրագրերի եւ գաղափարների եւ Հայաստանի ապագա խնդիրների լուծման ուղղությամբ օգտվել նաեւ այլ քաղաքական ուժերի հետ տարբեր համագործակցության երեւույթներում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29