Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը թող մնա իր տեղում»՝ ադրբեջանագետը ԼՂՀ հակամարտության գործընթացում միջնորդելու Իրանի առաջարկի մասին

Փետրվար 01,2016 14:35

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի մեկնաբանմամբ՝ Ադրբեջանում առաջացած ճգնաժամը Հայաստանի համար քաղաքականապես նպաստավոր իրավիճակ է ստեղծել:

«Երբեմնի իրեն կովկասյան վագր հորջորջող ու Հայաստանին քաղաքական քարտեզից ջնջելու խոստում տվող Ադրբեջանը, որպես մուրացկան, ընկել է աշխարհով մեկ փող մուրալու, որ մի քանի օր էլ երկարաձգի Իլհամ Ալիեւի ապօրինի ռեժիմը: Հայկական կողմի համար աննախադեպ նպաստավոր ժամանակաշրջան է ստեղծվել, Հայաստանը կարող է նպաստել Ադրբեջանի ներքին տրոհմանը»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց ադրբեջանագետը:

Ըստ նրա, Ալիեւի ռեժիմը, ինչպես առաջ, դիտարկում է ժողովրդի հուզումները, դժգոհություններն ու այդ ֆոնին օգտագործում ՀՀ-ԼՂՀ հետ հարաբերություններն՝ այն ավելի սրելով. «ԼՂՀ կոնֆլիկտը Ադրբեջանում սկսած ճգնաժամից ժողովրդին շեղելու միջոց է դարձել: Ադրբեջանցիները կշարունակեն սահմանախախտումները, դիվերսիոն հարձակումները, տարբեր տրամաչափի զինամթերքով հայ դիրքապահների ուղղությամբ հարձակումները»:

Գրիգորի Այվազյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված ու չընդունված հակահայկական զեկույցներին, ասաց՝ իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե ամենա ոչ բարենպաստ հակահայկական զեկույցի չընդունվելը կապ չունի հայկական պատվիրակության աշխատանքով. «Այդպես չէ, մեր պատվիրակությանը հաջողվեց հսկայական աշխատանք տանել ու հաջողացնել, որ կարեւորագույնն ու մեզ համար անբարենպաստ բանաձեւը չընդունվի: Այլ հարց է, որ ավելի լավ կլիներ, որ մեր պատվիրակությունն ավելի շուտ աշխատեր, որ նման բանաձեւեր ընդհանրապես օրակարգ չընդունվեին»:

Ինչ վերաբերում է նախօրեին Իրանի հայտարարությանը՝ ԼՂՀ հակամարտությունում որպես միջնորդ հանդես գալու վերաբերյալ, ադրբեջանագետը կոչ արեց Իրանին իր տեղում մնալ. «Մեզ պետք չէ նման միջնորդ»:

Ադրբեջանագետի համոզմամբ, Իրանի ներգրավվածությունը հակամարտության լուծման գործընթացում ամենեւին հայանպաստ չի կարող լինել: Նա այն կարծիքին է, որ եկել է պահը՝ Բաքվում՝ հայերի ցեղասպանությունը ճանաչելու միջոցով աշխարհին ցույց տալ ԼՂՀ կոնֆլիկտի պատճառահետեւանքային կապը. «Կարեւոր է Բաքվի կոտորածների ճանաչումը՝ ղարաբաղյան հակամարտության հետեւանքային կապով, որ Ղարաբաղի ազատագրման անհրաժեշտությունը սկսվել է Ադրբեջանում՝ հայերի ցեղասպանությունից, ինչից հետո Հայաստանը դիմեց Ղարաբաղի ազատագրմանը: Այլ հարց է՝ մենք կկարողանա՞նք արդյունավետ տանել ադրբեջանահայության ցեղասպանության ու ԼՂՀ անկախության ճանաչման անխուսափելիության քարոզարշավը:

Ղարաբաղյան կողմն այդ ուղղությամբ առաջին քայլն արեց՝ ճանաչելով Բաքվում ադրբեջանահայերի ցեղասպանությունը»:

Վերջում էլ նա հավելեց, որ առաջիկայում ղարաբաղյան հակամարտության ճակատից լավ լուրեր չարժե սպասել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29