Լրահոս
Օրվա լրահոսը

«4 չեմպիոններից 3-ը գյումրեցիներ են, բա չպարծենա՞նք». Շիրակի սպորտ բաժնի պատասխանատու

Փետրվար 01,2016 13:39

Շիրակի մարզպետարանի մշակույթի ու սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Յան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի, ինչպես նաեւ Թուրքիայի Վեհդի Էմրեի եւ Համիթ Քափլանի միջազգային մրցաշարերում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակին, ասաց, որ գյումրեցիները պարծենալու իրոք մեծ առիթ ունեն: 4 ոսկե մեդալ նվաճած մարզիկներից երեքը գյումրեցիներ են. Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը Սոֆիայում դարձան չեմպիոններ, Թուրքիայում էլ՝ Արսեն Ջուլֆալակյանը: Փաստորեն չեմպիոններից միայն Միհրան Հարությունյանը Գյումրիից չէ:

« 4 չեմպիոններից 3-ը գյումրեցիներ են, բա չպարծենա՞նք: Իհարկե, Արսենը՝ որպես մարզիկ, հիմա հաշվառված է Երեւանում, բայց գիտենք որ հիմքը դրվել է Գյումրիում, Գյումրիում նույնպես հասել է հաջողությունների, հետո ընտանիքով տեղափոխվեցին Երեւան, բայց մեզ համար մնում է որպես գյումրեցի», -ասաց պաշտոնյան:

Gyumri_Vachik_Vardanyan

Ըստ նրա, սպասելի էր մեր հունահռոմեական ըմբիշների հաղթանակը: «Ասեմ ինչու էր սպասելի. արդեն երրորդ անգամ մեր մարզիկները մասնակցում են, խոսք Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Յան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի միջազգային մրցաշարի մասին է, այնտեղ անցած տարի եւս ունեցել ենք հաղթողներ, մրցանակակիրներ, Արթուր Ալեքսանյանն արդեն եռակի չեմպիոն է այդ մրցաշարի, իսկ Չալյան Կարապետն անցած տարի դարձավ մրցանակակիր՝ երրորդ մրցանակակիր էր:

Ընդհանրապես, Հայաստանի հավաքական թիմի համար սա առաջին լուրջ մրցումն է, մրցաշրջանն էր 2016-ին, յուրահատուկ նախապատրաստական փուլ էր Ռիգայում անցկացվելիք Եվրոպայի առաջնության մասնակցության համար, քանի որ մարտի առաջին տասնօրյակին Ռիգայում Եվրոպայի առաջնությունն է: Երկու մասի էր բաժանվել Հայաստանի հավաքական թիմը՝ մեր մարզիկներից 8-ը մասնակցեցին Սոֆիայում, երկուսը՝ Ջուլֆալակյան եղբայրները, Թուրքիայում: Արդյունքներն իրոք սպասելի էին, քանի որ միջազգային մրցումների բազմակի փորձ ունեն մեր մարզիկները:

Նաեւ մեր հավաքական թիմի կազմում բոլորը տիտղոսավոր մարզիկներ են՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում մասնակցության բազում փորձ ունեցող: Երեւի ամենաերիտասարդն այս մրցումներում մեր ծանր քաշային Էդգար Խաչատրյանն է, որը նվաճեց Սոֆիայում բրոնզե մեդալ, իսկ մյուսները, ինչպես ասացի, Արթուրն արդեն երրորդ անգամ է մասնակցում, Չալյանը՝ նույնպես, Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը 88 կիլոգրամ քաշային կարգում էլի այս մրցումների բազում փորձ ունեն: Իսկ արդեն Ջուլֆալակյան եղբայրների մասին խոսելն ավելորդ է, տիտղոսակիր Արսենը ու նրանից փոքրը՝ Արամը, որը ցավոք սրտի, պարտություն կրեց Թուրքիայում, եւ միակ մարզիկը, որը միջազգային այս մրցումներում մեդալ չնվաճեց, մյուսները գրեթե բոլորը մեդալներ նվաճեցին», -ասաց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը, թե Թուրքիայում տարած հաղթանակը մի տեսակ ավելի ուրախացնող է, չէ՞, Վաչիկ Վարդանյանն ասաց. «Իհարկե, ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ մյուս տեղերում, երբ մեր մարզիկները մրցում են ադրբեջանցի ու թուրք մրցակիցների հետ, հաղթանակը մի այլ կերպ է ընդունվում, կարծես հաղթանակ անգամ երկուս լինի: Այս մրցումը շատ կարեւոր էր Արսենի համար, ինչպես գիտենք, նա անցած տարի ձախողեց, տարին սկսվում է հաղթանակով, տա Աստված նման կերպ շարունակվի, քանի որ Արսենի առջեւ լուրջ փորձություն է դրված. նա պետք է նվաճի օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ: Այդ մրցույթները անցկացվելու են Թուրքիայում, Մոնղոլիայում ու Սերբիայում»:

Gyumri_2Նշենք, որ գյումրեցիներն առանձնակի հպարտությամբ են արձագանքում մեր մարզիկների հաղթանակին, «Գյումրին մեր տունն է» նախաձեռնող խմբի անդամները Գյումրու շենքերի պատերի վրա փակցրել են. «Գյումրիում մատների վրա հաշված մարդիկ են մնացել, օր ալամ աշխարհի չեմպիոն չեն դարձել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29