Լրահոս
Օրվա լրահոսը

Ամարյան. «Պերմյակովի՝ սատանայապաշտ լինելը բացառվում է»

Փետրվար 01,2016 13:24

«Պերմյակովը երբեք սատանայապաշտ չի եղել, սխալ կլինի այդպես կարծելը»,- այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, խոսելով Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ սատանիստ լինելու վարկածից, ասաց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:

Նրա տեղեկություններով՝ Պերմյակովը Խարիզմատիկ եկեղեցու ճյուղ հանդիսացող Ավետարանական եկեղեցու անդամ է. «Առաջինը մեր կենտրոնը ներկայացրեց Ռուսաստանից ստացված տվյալները՝ Պերմյակովի՝ աղանդավոր լինելու մասին: Նրա ծնողները Խարիզմատիկ եկեղեցու հովիվներ են: Նա աստվածապաշտ է եղել ըստ իրենց եկեղեցու գաղափարների: Նրա սատանայապաշտ լինելը բացառվում է: Այն, որ նրա ուղեղը լվացած է եղել, դա միանշանակ է: Նա հանցագործությունը կատարելու ժամանակ կամ չի գիտակցել ինչ է անում, կամ եղել է զոմբիացված վիճակում: Բայց որ նա է կատարել այդ սպանությունը, ես չեմ հավատում: Պատկերացրեք՝ ինքնաձիգից կրակեն ու կողքի տանը չլսեն: Ինքնաձիգի ձայնը 800 մետրի վրա լսվում է»:

Ամարյանը չի հավատում վարկածին, թե Պերմյակովը խուսափել է ծառայությունից. «Նա ինքն է դիմում գրել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու եւ ծառայելու համար: Չուզողը կգա՞ր Հայաստանում ծառայելու: Իհարկե ոչ: Միտումնավոր քայլ էր, թե ոչ, քննությունը պետք է պարզի: Ճիշտ չէ, երբ հանցագործությունը կոտրում են Պերմյակովի վրա: Ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը պետք է առաջնահերթ պատասխանատու լինի կատարվածի համար»:

Փորձագետի խոսքով՝ Պերմյակովը զոմբիացված է եւ չի գիտակցում՝ ինչ է կատարվում իր հետ. «Զոմբիացված մարդը կատարում է կոնկրետ ծրագիր: Երբ դատավարության ժամանակ նայում ես Պերմյակովի աչքերին, դրանք ոչինչ չեն նշանակում, տպավորություն է, որ նրան չեն դատում, ինքն էլ կողքից նստած նայում է: Հիշենք՝ Սեւանում երբ որդին կացինով սպանեց ծնողներին, ասում էր՝ լսեցի ձայներ, որ իմ ծնողները սատանա են: Այդ ձայներն են ծրագիրը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29