Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը Զուրաբյանին հորդորում է ամեն ինչի մեջ մազեր ու կիքսեր չփնտրել (Տեսանյութ)

Փետրվար 01,2016 13:23

Այսօր 5-րդ գումարման ԱԺ-ի 9-րդ նստաշրջանն է, որին մասնակցում է նաեւ ՀԱԿ-ը:

Հիշեցնենք, որ նախորդ նստաշրջանի ավարտին ՀԱԿ-ը բոյկոտում էր նիստերը՝ ասելով, որ Սահմանադրական հանրաքվեն այդպես կոպտորեն կեղծողների հետ չեն պատրաստվում նույն դահլիճում լինել:

ՀԱԿ-ի բոյկոտն արդեն ավարտվել է:

Խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց ուղղեց. «Անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին ես ձեզ առաջարկեցի ԱԺ նախագահի լիազորությամբ լսումներ հրավիրել՝ ԵԽԽՎ-ում ստեղծված վտանգի դեմ առնելու համար: Դուք հրաժարվեցիք դա անել: Ժամանակին արտակարգ քայլեր չձեռնարկելու եւ արտաքին սխալ քաղաքականության հետեւանքով ԵԽԽՎ-ում ընդունվեց մի բանաձեւ, որում առաջին անգամ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում ԼՂՀ-ն դիտարկվում է որպես ՀՀ-ի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածք եւ ՀՀ-ն մեղադրվում է այդ օկուպացիայի հետեւանքով առաջացած հումանիտար աղետի մեջ: Կարելի էր սրանից խուսափել, եթե ժամանակին ճիշտ քայլեր արվեին»:

Նա առաջարկեց պոստֆակտում լսումներ կազմակերպել մինչեւ հաջորդ քառօրյա՝ իրավիճակը հանգամանորեն վերլուծելու եւ հետագայում ավելի վատթար վիճակում չհայտնվելու համար:

Գալուստ Սահակյանն էլ ի պատասխան ասաց. «Հեռուստատեսությամբ , մամուլով բոլորը միայն խորհուրդ են տալիս: Ինչի մասին դուք խոսեցիք, շատ լավ իրացվել է: Իմ ելույթում հենց այդ մասին էի խոսում, կուղարկեմ ելույթս ձեզ: Չի կարելի անընդհատ որոշակի տեղերում ինչ-որ մազեր, կիքսեր գտնել: Մեկը դուք բավականին լավ մասնակցել եք գործընթացին, ինչո՞ւմ է բանը»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր կողմից արձագանքեց, որ ԵԽԽՎ-ում ընդամենը մեկ խմբակցություն է հանդես եկել կողմ ադրբեջանամետ դիրքորոշմանը՝ դա Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս խմբակցությունն է, «որի ներկայացուցիչն է նաեւ հարգարժան պարոն Զուրաբյանը՝ միակը մեր պատվիրակությունից»:

Զուրաբյանն էլ հակադարձեց՝ ցավում եմ, որ Հերմինե Նաղդալյանը ձեզ չի տեղեկացրել, որ սխալ թարգմանություն է եղել, իրենց խմբի ղեկավարը պաշտոնապես դիմել է՝ իր ելույթի սխալ թարգմանության համար. «Իրականում ինքը պնդում է, որ նման բան չի ասել, եւ սխալ է թարգմանությունը ներկայացրել իր տեսակետը»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, զարմանալի է այն, որ ամբողջ իշխանական քարոզչամեքենան լծվել  է մի խնդրի լուծմանը՝ մեր ժողովրդին ապացուցելու, թե իբր Ստրասբուրգում ոչ մի վատ բան չի պատահել՝ այդ մի բանաձեւի անցկացումից, մինչդեռ իրականում շատ վատ բան է պատահել՝ առաջին անգամ ԼՂՀ-ն այդ բանաձեւերում կորցրել է իր ինքնուրույն գործոն լինելու ճանաչումը. «Սա խայտառակություն է, սա ձախողում է, սա պարտություն է: Պետք է ոչ թե հերքենք դա, այլ վերլուծենք՝ ինչպես անենք, որ նման բաներ այլեւս չկրկնվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29