Հովհաննես Սահակյանը պատմում է
եվրոպական երկրներում իր հանդիպումների արդյունքներից
«Միջազգային կառույցներում մեր աշխատանքի եւ պայքարի ոճը միգուցե պետք է փոխենք, որովհետեւ զգում ենք, որ տարբեր իրավիճակներում հին մոտեցումներն ու մեթոդները չեն գործում: Կա կոնկրետ շահ, կոնկրետ նպատակ, այդ մարդիկ էլ քվեարկում են այդ շահով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Մինչ ԵԽԽՎ նստաշրջանը՝ Հովհաննես Սահակյանը եւս մասնակցել է տարբեր երկրներում հանդիպումներին: Նա եղել է Լեհաստանում եւ Ռումինիայում, 10-12 հանդիպում է ունեցել տարբեր չինովնիկների հետ: Այդ հանդիպումների արդյունքում է, որ եկել է աշխատաոճի փոփոխության անհրաժեշտության համոզմանը: Այլ աշխատաոճի իր պատկերացումների մասին պատգամավորը չի ցանկանում հրապարակայնորեն խոսել:
Ինչ վերաբերում է արդեն ԵԽԽՎ-ում կայացած քվեարկություններին, Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ այդպիսով փորձ ավեց ուղղակի «շոշափել եւ շոյել երկու երկրների շահերն էլ»: Հիշեցնենք, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած՝ ԼՂՀ-ի մասին զեկույցը ԵԽԽՎ-ում մերժվեց, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի զեկույցը Սարսանգի ջրամբարի մասին` ընդունվեց: «Եթե հետեւել եք ադրբեջանական մամուլի բարձրացրած աննախադեպ վայնասունին, կհասկանաք, որ մեզ համար նախընտրելի էր, որ Սարսանգի ջրամբարի մասին զեկույցն է ընդունվել»,- ասաց մեր զրուցակիցը` նկատելով, որ, իհարկե, այդ զեկույցի ընդունումն էլ հաճելի չէր, բայց վտանգավոր էլ չէ: «Դրան ի պատասխան պետք է մի քանի նախաձեռնություններով հանդես գանք, ակտիվ ու նախաձեռնող լինենք առավելապես այդ հանձնաժողովում` իրավիճակը չեզոքացնելու համար: Սահմանային ջրամբարների, ջրերի օգտագործման հետ կապված կան մի քանի միջազգային պայմանագրեր, որոնք հօգուտ մեզ են: Մենք պետք է կարողանանք դրանք իրացնել»,- ասում է Հովհաննես Սահակյանը:
Վերջերս հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կառույցների հրապարակած զեկույցների համաձայն՝ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը վատթարացել է: Սա, ըստ մեր զրուցակցի, եւս վկայում է այն մասին, որ միջազգային հարթակներում ավելի ակտիվ աշխատանք պետք է տանել: «Զուգադիպություն է, թե պատահականություն, բայց Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության անկումներ են գրանցվել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո: Այդ զեկույցներում ուղիղ գրված է: Այսինքն՝ նոր իրավիճակ է, որին մենք համարժեք պետք է արձագանքենք: Եթե նման հեղինակավոր կառույցները Հայաստանում ժողովրդավարության ակնհայտ անկում են գրանցում ԵՏՄ-ին ընդամենը մեկ տարվա անդամակցության արդյունքում, ինձ համար ծիծաղելի է: Ակնհայտ է, որ քաղաքական համատեքստ կա, ու հենց այդ տիրույթում մենք պետք է ավելի արագ գործենք, ավելի նախաձեռնող լինենք»,- ասում է մեր զրուցակիցը` ակնարկելով, որ նյութապես նաեւ շահագրգռելը կարծես միջազգային հարթակներում դերակատարում ունի: Բայց սա մասսայական բնույթ չի կրում, եւ իր իսկ հանդիպումներից նա փաստում է, որ խնդիրը ճիշտ ներկայացնելը, բացատրելը դեռ մեծ դերակատարում ունենում է: Հովհաննես Սահակյանը փաստում է, որ հայ պատգամավորների՝ տարբեր երկրներում վերջին հանդիպումների արդյունքում ոչ պաշտոնական կառույց է ձեւավորվել: Թե որքանո՞վ այդ շփումները եւ դրական մթնոլորտը կվերածվեն պետությունների միջեւ իրավահարաբերությունների` մեզնից է կախված: Ինքը կարծում է, որ ամեն ինչ պետք է անել այս՝ արդեն իսկ ձեւավորված կապերը պահպանելու, զարգացնելու համար. «Հույսը դնել միայն հանձնաժողովի, նրա սահմանափակ ռեսուրսների վրա, թիրախ դարձնել միայն հանձնաժողովին, չեմ կարծում, որ ճիշտ է: Մեկ դրական բան ունենք` ԼՂՀ-ի մասին զեկույցը չի անցել` բոլորը տեր են, խոսում են իրենց կատարած աշխատանքից: Սարսանգի ջրամբարի զեկույցից խուսափում են խոսել, որ միգուցե թերացել ենք, ճիշտ նշանակետին չենք խփել: Ինչեւէ: Մենք նաեւ հետագա աշխատանքների խնդիր ունենք, ուստի ձեռք բերված ամեն դրականը պիտի պահպանենք եւ զարգացնենք: Եթե ես չգնայի, չշրջեի` կմտածեի, որ գուցե թերացում կա: Բայց այն իրավիճակը, որն այսօր գոյություն ունի, միայն հանձնաժողովի ջանքերով հնարավոր չէ կարգավորել: Գիտեք, բոլորովին այլ էր ընդունելությունն ու մոտեցումը, երբ Հայաստանը բանակցում էր ԵՄ ասոցացման պայմանագրի շուրջ, երբ Արեւելյան գործընկերության վեց երկրներից առաջամարտիկ էր համարվում»:
Հայաստան-ԵՄ բանակցությունները վերսկսվել են դեռ անցյալ տարեվերջից: Բանակցությունների եւ վերջնական փաստաթղթի ստորագրման ժամկետը սահմանվել է մեկ տարի: Հետաքրքրվեցինք` ի՞նչն է Հայաստանին խանգարում կրճատել այդ ժամկետը, մանավանդ, որ ստորագրվելիք փաստաթուղթը քաղաքական պետք է լինի, եւ նախորդ բանակցություններում համաձայնեցված հիմնական դրույթները փոփոխության չեն ենթարկվելու: «Դա թողնենք պատկան եւ պատասխանատու մարդկանց ու գերատեսչություններին»,- պատասխանեց Հովհաննես Սահակյանը:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2016