Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հակահայկական զեկույցների քվեարկությունից առաջ հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության անդամների հետ: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ ինքը նույնպես եղել է Ուկրաինայում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերտառությամբ զեկույցը 66 կողմ, 70 դեմ եւ 45 ձեռնպահ ձայներով մերժվեց եւ հետ ուղարկվեց քաղաքական հարցերի հանձնաժողով: Բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցն էլ 98 կողմ, 71 դեմ, 40 ձեռնպահ ձայներով ընդունվեց:
ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակությունն ունի 12 անդամ: Քվեարկության արդյունքներից պարզեցինք, որ Ուոլթերի զեկույցի քվեարկությանն Ուկրաինայի պատվիրակությունից մասնակցել է 4 հոգի եւ բոլորն էլ կողմ են քվեարկել: Իսկ Միլիցա Մարկովիչի զեկույցի քվեարկությանը մասնակցել են 10 հոգի, որոնցից 9-ը կողմ են քվեարկել՝ 1-ն էլ ձեռնպահ:
Արտակ Զաքարյանը նշեց, որ Ուոլթերի զեկույցին Ուկրաինայի պատվիրակության անդամները չէին կարող կողմ քվեարկել, քանի որ ի սկզբանե տարածքային ամբողջականության խնդիրն էին դիտարկում: «Բայց միեւնույն ժամանակ, հասկանալով տարբերությունը, չեն խոչընդոտել մեզ եւ աջակցել են՝ չմասնակցելով քվեարկությանը: Մենք շատ գնահատում ենք իրենց այդ մոտեցումը: Իրենց որոշումը շատ կարեւոր էր մեզ համար, որովհետեւ եթե իրենք քվեարկեին այնպես, ինչպես ի սկզբանե որոշել էին, Ուոլթերի զեկույցը եւս կանցներ»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Միլիցա Մարկովիչի զեկույցին՝ Ուկրաինայի պատվիրակության անդամներն այն դիտարկել են որպես հումանիտար հարց: Ըստ Արտակ Զաքարյանի՝ նույն խնդիրը եղել է նաեւ Մոլդովայի պատվիրակության դեպքում. «Երբ մենք հանդիպեցինք նրանց հետ, հինգն էլ որոշել էին, որ քվեարկեն Ուոլթերի զեկույցի օգտին: Նրանք խնդիրը նույնպես դիտարկում էին տարածքային ամբողջականության սկզբունքի տեսակետից: Երկար զրույցից հետո, բացառությամբ մեկի, իրենք էլ որոշեցին, որ ձեռնպահ են քվեարկելու»:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշեց, որ հետագայում ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բացառվի նման զեկույցների հայտնվելը. «Ամեն անգամ հնարավոր չէ հրշեջի ռեժիմով աշխատել: Հիմա հրշեջի ռեժիմով ենք աշխատել, բայց դա միշտ չէ, որ կարող է հաջողություն բերել: Պետք է կանխարգելել բոլոր նման բանաձեւերի մուտքը ԵԽԽՎ եւ այլ վեհաժողովների օրակարգ»:
Անդրադառնալով Միլիցա Մարկովիչի զեկույցի ընդունմանն՝ Արտակ Զաքարյանն ասաց, որ պետք է մտածեն դրան հակակշռող նոր զեկույցի մասին:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ