Հայաստանում գրանցված է 65 կրոնական կառույց, որից մոտ 10-ը ավանդական եկեղեցիներ են, մնացածը աղանդավորական կառույցներ կամ ինչպես իրավապաշտպաններն են բնորոշում՝ կրոնական կառույցներ: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հայտնեց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:
Նրա փոխանցմամբ՝ 2014թ. գրանցվել է հայկական ծագմամբ առաջին կրոնական կառույցը, որը չի ֆինանսավորվում արտասահմանից: Իսկ չգրանցված կրոնական կառույցների թիվը մեր երկրում 200-ից ավելի է: «Ըստ Կրոնական կառույցների միջազգային կազմակերպության` Հայաստանում ոչ Առաքելական եկեղեցու հետեւորդ է մոտ 350.000 մարդ, այդ թվում՝ 250.000-ը աղանդավորական կառույցների անդամ է»,- տեղեկացրեց Ալեքսանդր Ամարյանը:
Նրա բնորոշմամբ՝ օրենքը չի կարգավորում աղանդավորական կառույցների գործունեությունը. «Ինչ է կատարվում այդ կառույցներում՝ ոչ ոք չգիտի: Ոչ մի կրոնական կառույց մեր երկրում չի կարող ենթարկվել հսկողության: Զոմբիացման պրոցեսը հավատքի միջոցով ավելի հեշտ է ստացվում: Արտասահմանում այդպիսի կառույցները փակում են, պատժում, ազատազրկում սահմանում, տուգանքներ նշանակում, իսկ մեզանում նման օրենքներ չկան: Մեր օրենքը միայն գրանցման համար է: Օրենքն ասում է, որ հոգեւորսությունն արգելվում է, բայց չի սահմանում, թե ինչ է հոգեւորսությունը»:
Փորձագետին հարցրինք՝ արդյոք նոր Սահմանադրությունը կրոնական կառույցների համար արտոնություննե՞ր է սահմանում. «Նոր Սահմանադրությունը հնից շատ բանով չի տարբերվում: Մեր հույսը նա է, որ վերջապես նոր օրենք կընդունվի, որը կարգելի հասարակական կամ պետական անվտանգությանը սպառնացող կրոնական կառույցի գործունեությունը»,-պատասխանեց բանախոսը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ