Այսօր ԱԺ-ում պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին դժգոհեց. «15 նախագիծ ունեմ օրակարգում ընդգրկված՝ 2012-ից սկսած եւ այդ նախագծերը չեն դրվում քննարկման: Եթե մենք ուղղակի ունենք սահմանադրական իրավունք նախաձեռնելու նախագծեր, բայց դրանք չեն քննարկվում, դուրս է գալիս, որ մեր սահմանադրական իրավունքը պատրանքային է: Մեր իրավունքը չի իրացվում»:
Նա հորդորեց քննարկման առարկա դարձնել այս խնդիրը, որովհետեւ տպավորություն է, որ ծանոթով են նախագծերը դրվում քննարկման: Ըստ Էդմոն Մարուքյանի, իր նախագծերից հետո բազմաթիվ նախագծեր են եկել, որոնք արդեն դրվել են քննարկման, բայց իր նախագծերը, որոնք շատ կարեւոր հարցերի են վերաբերվում, չեն դրվում:
Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Հումորի համար ասեմ՝ ծանոթ ճարեք: Բայց երբեք չի եղել, որ որեւէ նստաշրջանում նիստը չավարտած՝ հեռանանք դահլիճից: Օրակարգ է, բավականին ծանրաբեռնված է: Դուք ասացիք` 15 նախաձեռնություններ ունեք, մոտ 60-70 այդպիսի նախաձեռնություններ կան պատգամավորների: Աշխատում ենք: Եթե ուզում եք բոլորը լինեն, պիտի ավելի ինտենսիվ աշխատենք եւ պիտի փորձենք ամեն ինչը չքաղաքականացնենք: Այստեղ ավելի շատ մեր քառօրյայի նիստերում քաղաքական դեբատներ են լինում, քան օրինագծեր ենք քննարկվում»:
Նա հիշեցրեց, որ ԱԺ նոր կանոնակարգ օրենքն է մշակվում, կարելի է նոր հնարավորություններ ստեղծել. «Օրինակ, ես կարծում եմ, շատ լավ կլինի խորհրդարանը համաձայնի, որ քանի օրակարգը չի ավարտվել, նիստը չավարտվի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ