«Sharm Pictures»-ը և «Yan Team Production» –ը ներկայացնում են «Աննա Հեդվիգ Բյուլ» կամ «Վերջին աղոթքը» փաստավավերագրական ֆիլմի ինտերնետային պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պատվերով:
Ֆիլմը պատմում է էստոնացի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի մասին, ով 1909 թվականին առաջին անգամ ոտք դրեց Արևմտյան Հայաստան, Մարաշ, Կիլիկիա և այդ ժամանակվանից դարձավ հայերի մեծ բարեկամը` հետագայում իր կյանքը նվիրելով Եղեռնից փրկված հայ որբերին և այրիներին: Նա իր գործունեությունը շարունակեց նաև Սիրիայում, Հալեպում` զբաղվելով տարագիր հայերի կենսական կարևորության հարցերով, դարձավ հազարավոր որբերի Մայրը, իսկ այրիների համար եղավ քույր:
26 րոպե տևողությամբ ֆիլմը հիմնված է իրական փաստերի, Բյուլի և նրան հասցեագրված որբերի նամակների վրա: Ֆիլմում տեղ են գտել նաև 1909-ից մինչև 1980 ական թվականներին հայերի ճակատագրին վերաբերող պատմական ակնարկներ:
Ներկայացվում է նաև Հայոց Ցեղասպանության պատմական իրողությունը, ինչպես նաև Հալեպում հայերի կյանքը` 1915 թվականից հետո: Կյանքի վերջին տարիները Բյուլ Մայրիկն անցկացրել է գերմանական ծերանոցներից մեկում։ 90-անց զառամյալ կինը՝ մահվան մահճում պառկած, մոռացել էր այն 6 լեզուները, որոնց նա ազատորեն տիրապետում էր և աղոթում էր հայերեն։
«Իմ սիրտը հայկական է», -այսպես է ասել Բյուլ Մայրիկը: Եվ այդ սիրտը միշտ նրանց հետ էր, ում ջերմացրել էր, փրկել: Հայերի մեկ սերունդ չէ, որ փայփայում է նրա մասին հիշողությունները:
https://www.youtube.com/watch?v=S-vWWpjKRYw
Սցենարի հեղինակ՝ Սոնա Ալեքսանյան
Ռեժիսոր՝ Վահե Յան
Օպերատոր՝ Ռոբերտ Խարազյան
Պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան
«Շարմ» հոլդինգի մամուլի հաղորդագրություն