Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ երկրները 2015-ին 15 տոկոսով աղքատացան

Փետրվար 01,2016 11:57

Անցած՝ 2015 թվականը ծանր տարի է եղել Եվրասիական տնտեսական միության երկրների համար՝ արտաքին պահուստների նվազման առումով: Տնտեսական միության բոլոր հինգ անդամների դեպքում նկատվել է արտաքին արտարժույթային եւ ոսկու պահուստների «հալոցք», ինչը, հիմնականում, տեղի է ունեցել ազգային արժույթների գահավիժումը զսպելու համար իրականացվող հսկայական ինտերվենցիաներով:

Ռուսաստան

Ռուսաստանը, Չինաստանի հետ միասին, ոսկու միջազգային շուկայում վերջին տարիների հիմնական գնորդներից էր: Մասնավորապես, ինչպես գրել է Bloomberg-ը, 2009 թվականից սկսած, մինչեւ 2014 թվականը, Չինաստանը մեծացրել էր իր ոսկու պահուստները շուրջ վաթսուն տոկոսով, իսկ Ռուսաստանը կրկնապատկել էր թանկարժեք մետաղի իր պաշարները շուրջ երկու անգամ: Հետաքրքիր է, որ 2015 թվականի ընթացքում երկու երկրների կողմից այդքան մեծ քանակությամբ ոսկու պաշարներ ունենալն էլ հենց ծառայեց արտաքիր պահուստների ծավալների խոշոր նվազմանը: Նույն աղբյուրի համաձայն, ոսկու միջազգային գների 6,5 տոկոսով նվազելու հետեւանքով ռուսական պաշարները, դոլարով արտահայտված, նվազել են երկու միլիարդով, այն էլ՝ ընդամենը երեք շաբաթվա ընթացքում: Բայց սա, կարելի է ասել, բնական «հալոցք» է: Ռուսական պահուստների իրական նվազումը շատ ավելի նկատելի է: Այսպես՝ 2014-ի դեկտեմբերի մեկից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում, համաձայն ՌԴ կենտրոնական բանկի տվյալների Ռուսաստանի արտաքին պահուստները 418 միլիարդ դոլարից նվազել են մինչեւ 364 միլիարդ դոլարի: Այսինքն, ոչ ավել, ոչ պակաս, մեկ տարվա ընթացքում նվազումը կազմել է 54 միլիարդ դոլար:

Սա, անխոս, նշանակում է, որ Ռուսաստանը հսկայական միջոցներ է ծախսում նավթի ցածր գների պայմաններում իր տնտեսությունը պահելու եւ ռուբլու աղետալի անկումը որեւէ կերպ զսպելու համար: Չնայած այս ջանքերին, սակայն, նավթի գները, միեւնույնն է, շարունակում են անկումը, իսկ ռուբլին, հաղթահարելով բոլոր հոգեբանական շեմերը, գտնվում է մեկ դոլարի համար 79-80 ռուբլու մակարդակում:

Ղազախստան

Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության անդամներից երկրորդն է իր տնտեսությամբ, որը, սակայն, ինչպես եւ ռուսական տնտեսությունը, մեծապես կախված է էներգակիրների արտահանումից; Հենց սա է պատճառը, որ 2015 թվականի ընթացքում ղազախական ազգային արժույթը՝ տենգեն, աստիճանաբար թուլացրել է դիրքերը, իսկ արդեն տարվա վերջին Ղազախստանի իշխանությունները ստիպված են եղել անցնել տենգեի լողացող կուրսին, ինչին էլ հետեւել է ղազախական տենգեի գահավիժումը: Մասնավորապես՝ 2015 թվականի օգոստոսից մինչեւ հիմա՝ 2016 թվականի հունվարը, ղազախական արժույթն արժեզրկվել է շուրջ երկու անգամ, մեկ դոլարի դիմաց 188 տենգեից հասնելով մինչեւ 363-ի:

Այս ընթացքում, անշուշտ, ղազախական իշխանությունները փորձել են պահել տենգեի փոխարժեքը հսկայական ինտերվենցիաներով, որպեսզի անկումը հնարավորինս սահուն անցնի: Ըստ ամենայնի՝ հենց այդ պատճառով էլ Ղազախստանի արտաքին պահուստները նվազել են: Մասնավորապես՝ 2015 թվականի ընթացքում ղազախական արտաքին պահուստները նվազել են 10,6 տոկոսով՝ 102,452 միլիարդ դոլարից հասնելով 91,581 միլիարդ դոլարի: Եւ այս դեպքում էլ, ինչպես տեսնում ենք, Աստանայի ինտերվենցիաները չեն կարողացել կանխել ղազախական տենգեի անկումը:

Բելառուս

Համաձայն Բելառուսի Հանրապետության ազգային բանկի տվյալների, 2015 թվականի ապրիլի մեկին Բելառուսի արտաքին պահուստները կազմել են 4,5 միլիարդ դոլար, այնինչ արդեն ընթացիկ տարվա առաջին օրը, ըստ նախնական տվյալների, դրանք կազմել են 4,1 միլիարդ դոլար, նվազելով, մոտ՝ 385 միլիոն դոլարով:

Թեեւ Բելառուսի տնտեսությունը ուղղակիորեն կախված չէ էներգակիրների արտահանումից, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, նույնպես զգում է նավթի ցածր գների հետեւանքները: Մասնավորապես, ինչպես հայտնում է belapan.by կայքը ,բորսայական սակարկումների արդյունքներով հունվարի 15-ին բելառուսական ռուբլին կտրուկ անկում է ապրել: Մասնավորապես՝ դոլարի նկատմամբ անկումը կազմել է 1,79 տոկոս, իսկ եվրոյի նկատմամբ՝ 1,94 տոկոս:

Սա, ինչպես եւ բելառուսական պահուստների «մաշվելը», ցույց է տալիս, որ Ռուսաստանի եւ Ղազախստանի օրինակով, Բելառուսը եւս խնդիր ունի ազգային արժույթի գահավիժումը կանխելու եւ հնարավոր է, որ առաջիկայում դիմի ավելի մեծ քանակությամբ ինտերվենցիաների:

 

Ղրղզստան

Եվրասիական տնտեսական միության ամենանոր անդամի՝ Ղրղզստանի մոտ պատկերը փոքր-ինչ այլ է: Այս երկրի արտաքին պահուսնտները կազմում են 1,885 միլիարդ դոլար: 2015 թվականի ընթացքում նկատվել է նվազման դինամիկա, ինչի հետեւանքով առաջին եռամսյակում արտաքին պահուստները 2015 թվականի 1,874 միլիարդից իջել են մինչեւ 1,75 միլիարդ դոլարի: Չնայած սրան, հետագա ամիսների ընթացքում ղրղզական պահուստները համալրվել են եւ հասել, ինչպես ասեցինք, 1,885 միլիարդ դոլարի:

Ղրղզական ազգային արժույթը՝ սոմը, հետխորհրդային տարածքի ամենակայուն արժույթն է մշտապես աչքի է ընկել իր կայուն փոխարժեքով: Այս ընթացքում եւս, փաստորեն, ղրղզական իշխանությունները ձեռնպահ են մնացել սոմի փոխարժեքին միջամտելուց՝ կատարելով ընդամենը 18,2 միլիոն դոլարի ինտերվենցիա: Իսկ սոմը, թեեւ որոշակի անկում, այնուամենայնիվ, արձանագրել է, բայց շարունակում է պահպանել դոլարի նկատմամբ 75 միավորի մակարդակը:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրները ստիպված են «վառել» նախորդ տարիներին հավաքած պահուստները՝ նավթային ճգնաժամին դիմակայելու համար… Եվ քանի դեռ ԵԱՏՄ անդամ երկրները, միջինում, արդեն ծախսել են իրենց ռեզերվների 15 տոկոսը, նավթի միջազգային գնի աճ, առաջիկա տարիների համար, ոչ մեկ չի կանխատեսում:

 

Վահե Ղուկասյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29