Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այնպես չլինի, որ հիվանդանոցներն ասեն՝ պետպատվերը գրիպի օրերին սպառել ենք

Փետրվար 01,2016 14:30

Առողջապահության նախարարությունը դեռ չի հաշվարկել, թե գրիպի վիրուսի բարդություններով հիվանդանոց դիմած քաղաքացիների համար որքան գումար կպահանջվի:

Գրիպի վիրուսի ակտիվացման օրերին մեր հանրապետությունում միջին հաշվով օրական 1200 քաղաքացի է ստացիոնար, այսինքն՝ հիվանդանոցային բուժում ստացել: Բոլոր այդ հիվանդները՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, այդ օրերին բուժօգնությունը ստացել են անվճար՝ պետպատվերի շրջանակներում:

Երեկ «Առավոտը» առողջապահության նախարարության Առողջապահական պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանից հետաքրքրվեց, թե որքան գումար է ծախսվել գրիպի վիրուսի բարդություններով հիվանդանոցային եւ պոլիկլինիկ բուժօգնությանը դիմած քաղաքացիների բուժման համար՝ հաշվի առնելով նաեւ ոչ մատչելի դեղորայքի տրամադրումը այդ բուժհիմնարկներին:

Մեր այն հարցին՝ հաշվարկներ կա՞ն, թե մեր քաղաքացիներին անվճար բուժումը ինչ կնստի բյուջեի վրա, պարոն Ծատուրյանն ասաց, որ ձեռնպահ կմնա թվեր նշելուց, քանի որ հունվար ամիսը դեռ չի վերջացել. «Երբ մեր այն հիվանդանոցային բուժհաստատությունները, որոնք պետական պատվեր են իրականացնում, իրենց հաշվետվությունները պաշտոնապես ներկայացնեն, այդ ժամանակ նոր միայն կարող ենք ասել: Ամեն դեպքը նույն գնով չի փոխհատուցվում. կան բարդ վիճակներ, թոքաբորբ, վերակենդանացում, ավելի թեթեւ դեպք»:

Պարոն Ծատուրյանին նաեւ հարցրինք, թե այդ գումարները լրացուցի՞չ են դուրս գրվելու բյուջեից, թե՞ բուժհիմնարկների՝ այս տարվա համար նախատեսված պետպատվերի գումարներից են դուրս գալու: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ տարվա ընթացքում քաղաքացին դիմի պետպատվերով բուժօգնություն ստանալու եւ հիվանդանոցներն ասեն, որ գրիպի ժամանակ այդ գումարներն արդեն ծախսել ենք, պարոն Ծատուրյանն ասաց. «Առայժմ մենք նման հարց չենք բարձրացրել, որ դրա համար պետք է լրացուցիչ ֆինանսավորում հատկացվի: Տարին նոր է սկսվել, չեմ կարծում, որ մենք հիմքեր ունենք նման մտահոգությունների, դրա մասին շատ վաղ է խոսել, եւ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման խնդիր չառաջանա»:

Սարո Ծատուրյանը նաեւ անդրադարձավ գրիպի վիրուսի բարդություններով մինչեւ հունվարի 20-ը հիվանդանոց դիմած այն քաղաքացիների հարցին, որոնցից բուժհաստատությունները գումարներ են վերցրել: Գործակալության պետն ասաց, որ առողջապահության նախարարի հրամանը տրվել է հունվարի 13-ին, բայց հրամանը տարածվել է հունվարի 1-ից սկսած մինչեւ նույն ամսի 20-ը հիվանդանոցներ դիմած քաղաքացիների վրա. «Այո, այդ ընթացքում եղել են քաղաքացիներ, որոնք գիտեին, թե պետք է վճարեն, որովհետեւ գիտեին, թե անվճար բուժօգնությունը այս կամ այն սոցիալական խմբերի համար է միայն: Այն բոլոր քաղաքացիները, որոնք դրանից հետո դիմել են նախարարություն, նախարարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել, որպեսզի հիվանդանոցն այդ վճարած գումարները վերադարձնի: Նշեմ, որ բազմաթիվ նման դեպքեր կան, եւ դրանք բոլորն էլ ընթացք են ստացել, եւ այսօր այդ հարցերն արդեն կարգավորված են»:

Նշենք, որ հունվարի 20-ից հետո գրիպից առաջացած բարդությունների համար դիմելու դեպքում հիվանդանոցներում բուժումը վճարովի է՝ բացառությամբ սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների: Այդուհանդերձ, երեկ պարոն Ծատուրյանը վստահեցրեց, որ եթե քաղաքացու մոտ ծանր վիճակ է, եւ այդ պահին նա ի վիճակի չէ վճարում կատարել, հիվանդանոցը պարտավոր է, առանց սոցիալական վիճակի մասին փաստաթուղթ պահանջելու, նրան սպասարկել:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե օրերս դեպքեր են եղել, որ ծանր մարդուն հիվանդանոցից հիվանդանոց են տարել, սակայն որեւէ բուժհիմնարկ նրան չի ընդունել, եւ մի հիվանդանոց վերջապես վերցրել է, առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն ասաց, որ դրանք ոչ թե դեպքեր, այլ մեկ այդպիսի դեպք է եղել, որն այսօր գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո. «Մենք տեղյակ ենք, բոլոր միջոցառումներն իրականացվել են, եւ այդ դեպքում մեղավորներն իրենց պատիժը կկրեն, համենայնդեպս՝ մյուս հիվանդանոցներում երբեւիցե նման խնդիր չենք ունեցել եւ չենք էլ ունենա: Հայաստանի Հանրապետությունը այն եզակի երկրներից է, որ այս հիվանդությանը պատրաստ էինք ամեն ինչով. մեր ստացիոնարներն ամբողջովին ապահովեցինք դեղորայքով, եւ լիարժեք բուժում էր իրականացվում: Ոչ մի ցայտնոտային իրավիճակ մեզ մոտ չստեղծվեց, որը ներկայումս կա մի շարք երկրներում, որտեղ հիվանդությունը զգալիորեն գլուխ է բարձրացրել»:

Հարցին, թե գրիպի սեզոնը դեռ շարունակվում է, հիվանդանոցներում դեռ հարյուրավոր քաղաքացիներ կան, ինչո՞ւ անվճար բուժօգնություն ստանալու ժամկետը սահմանվեց մինչեւ հունվարի 20-ը, պարոն Ծատուրյանն ասաց. «Ինչպես արդեն ասացինք, պիկը հունվարի 17-18-ին է եղել, եթե մենք տեսնեինք, որ այդ տենդենցը շարունակվում է, նախարարությունը պատրաստ էր քննարկել այդ ժամկետը երկարացնելու հարցը, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք հետագայում էլ կունենանք, բացի գրիպի բարդություններից, առաջացած թոքաբորբ եւ նմանատիպ այլ հիվանդություններով դիմող քաղաքացիներ նաեւ փետրվարին, մարտին, նոյեմբերին, եւ ամբողջ տարին մենք չենք կարող պետպատվերով դա անել»:

Նախարարության մասնագետների տվյալներով՝ գրիպի վիրուսով ամենաշատը վարակվել են Արարատի եւ Սյունիքի մարզերում, այդ մարզերի հիվանդների ցուցանիշը 30-40 տոկոսով ավելի բարձր է եղել այլ մարզերի ցուցանիշից:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է այլ երկրներում հիվանդացությունը բարձրանում, իսկ մեզ մոտ նվազում, պարոն Վանյանն ասաց, որ պատճառն այն է, որ ի տարբերություն մյուս երկրների՝ մեր երկրի առողջապահական համակարգը ճիշտ ժամանակին է արձագանքել եւ բնակչությանն ուղղորդել բուժհիմնարկներ, ինչն էլ կանխել է տարածումը եւ ավելի բարդ դեպքերը. «Այսօր մենք ունենք հազարավոր փրկված կյանքեր»:
Ըստ նրա՝ այդ օրերին լրատվամիջոցները ընդգծելով գրում էին՝ եւս մեկ մահ, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ է հրապարակել, համաձայն որի՝ անցյալ տարի նույն գրիպից 217 հազար մարդ է մահացել. «Նույն թոքաբորբից երբ ունենում ենք, ամսական 40 մահ է լինում, սակայն այդպես չենք արձագանքում»:

Արտավազդ Վանյանը նաեւ ասաց, որ ի տարբերություն գրիպի վիրուսի մյուս ենթատեսակների՝ H1N1-ն իր վարակելիությամբ ավելի ցածր է, սակայն վարակվելու դեպքում ավելի արագ է զարգանում: Ըստ նրա՝ այն վտանգ է ներկայացնում հատկապես ճարպակալված մարդկանց համար. «Վերջին մահը, որ գրանցվեց մեզ մոտ, 100 կիլոգրամն անց մարդ էր, որը բուժօգնության էր դիմել ուշ, եւ ծայրահեղ ծանր վիճակում էին նրան հասցրել Երեւան»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29