Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պետական պարտքը 5 միլիարդ դոլար է

Փետրվար 01,2016 14:00
artaqin partq

Հայաստանի Հանրապետության պետական ընդհանուր պարտքը 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 5.071.031 դրամ, այսինքն՝ մոտ 5 միլիարդ դոլար, որը այդ տարվա նոյեմբերի ամսվա համեմատ աճել է 257 միլիոն դոլարով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության 2015 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի հրապարակումից:
2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ընդհանուր պարտքը կազմել է 4,4 միլիարդ դոլար:

Ընդհանուր 5 միլիարդ դոլար պարտքից առյուծի բաժինն ընկնում է արտաքին պարտքին՝ 4,3 միլիարդ դոլար: Իսկ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը եղել է 3,7 միլիարդ դոլար:

4,3 միլիարդ դոլար արտաքին պարտքի մեջ ՀՀ կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,8 միլիարդ դոլար, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 476 միլիոն դոլար:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ ներքին պարտքը անցյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 761 միլիոն դոլար էր, իսկ 2014 թվականի դեկտեմբերի վերջի տվյալներով՝ ՀՀ ներքին պարտքը եղել է 656 միլիոն դոլար:
Դրամական արտահայտությամբ՝ ՀՀ պետական պարտքը 2015 թվականի դեկտեմբերի վերջին տարեկան միջին փոխարժեքով կազմել է 2,4 տրիլիոն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2 տրիլիոն է:

Հիշեցնենք, որ երբ նախորդ տարի կառավարությունը արտաքին աղբյուրներից խոշոր վարկեր էր վերցնում, տնտեսագետներն ահազանգում էին, որ մեր հատկապես արտաքին պարտքը մոտենում է վտանգավոր շեմի, մինչդեռ Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլը «Առավոտի» հարցին ի պատասխան՝ անցյալ տարի նոյեմբերին վստահեցրել էր, որ Հայաստանը հուսալի վարկառու է, պետական պարտքն էլ կառավարելի մակարդակում է. «Բայց մենք բոլորս պետք է ուշադրություն դարձնենք պարտքի մակարդակի վրա, ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցության 50%-ն այն մակարդակն է, որը սկսում է հատուկ ուշադրություն պահանջել: Չափազանց կարեւոր է, թե դա ինչպես է փոփոխվելու ապագայում, եւ պետք է շատ զգույշ լինել, թե ինչ նոր ծրագրեր են ավելանում պետական պարտքին: ՀՀ պետական պարտքն այսօր այն միջակայքում չէ, երբ որ շատ լուրջ մտահոգության առարկա է: Մենք ցանկանում ենք ամեն ինչ անել, որ այն չհասնի մտահոգիչ միջակայքին»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29