Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ բանաձեւի հետքերով

Փետրվար 01,2016 13:30

Կամ մինչեւ ե՞րբ ենք անհատույց ջուր նվիրելու թշնամուն

ԵԽԽՎ-ն իր հունվարի 26-ի նիստում ընդունեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցը եւ համապատասխան բանաձեւը, որոնցում բազմիցս հիշատակվում են «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքները», որոնց, «Հայաստանի կողմից բռնազավթման» հետեւանքով ադրբեջանցիները զրկված են Սարսանգի ջրամբարի ջրից: Այս ձեւակերպումները ընթերցելուց հետո արդեն իսկ ավելորդ է խոսել որեւէ օբյեկտիվության եւ անաչառության մասին, առավել եւս այն պարագայում, երբ Հայաստանի եւ Արցախի բնակչությունը շուրջ 25 տարի է ինչ գտնվում է Ադրբեջանի կողմից իրագործվող ամբողջական շրջափակման մեջ: Ինչը, թերեւս բոսնիացի պատգամավորին երեւի չի հետաքրքրել:

Սարսանգի ջրին ծարավ մնացած ադրբեջանացիների մասին եվրոպատգամավորների մտահոգության այս դրսեւորումը եւս մեկ անգամ մեզ պետք է հիշեցնի, որ մենք ունենք հարեւան պետության տարածքի զգալի մասի բարեկեցության եւ կայունության վրա ազդեցություն գործելու հզոր եւ միգուցե նաեւ ռազմավարական կարեւորության գործիք: Ունենք նաեւ բոլոր իրավունքները՝ օգտագործել այն ինչպես կամենանք, ինչի համար բացարձակ չենք պատրաստվում հարցնել եվրոպատգամավորների կամ որեւէ մեկի թույլտվությունը:

Հայկական կողմերի լավագույն պատասխանը այս ջրային «գզվրտոցին» կլինի սահմանամերձ շրջանների ջրային տնտեսության զարգացման լայնածավալ ծրագրի մշակումը եւ աստիճանաբար իրագործումը: Խոսքը վերաբերվում է տասնյակ գետերի եւ գետակների ջրերին, որոնք այսօր որեւէ կերպ չեն օգտագործվում եւ հոսում են Հայաստանի եւ Արցախի տարածքով դեպի Ադրբեջան՝ կենսատու ջուր պարգեւելով մեր հարեւաններին: Սա առավել եւս անտրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ բազմաթիվ գյուղական համայնքներում ջրամատակարարման խնդիրը այսօր առավել քան սուր է դրված:
Մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ Ադրբեջանում օգտագործվող ջրի 20-50%-ը սկիզբ է առնում Հայաստանի եւ Արցախի տարածքում: Հետեւողական գործելու դեպքում մի քանի տարվա ընթացքում կարելի է կառուցել շուրջ երկու տասնյակ փոքր եւ միջին չափսի ջրամբարներ եւ ոռոգման ինքնահոս ջրագծեր, ուղղելով այդ գետերի ջուրը հայկական պետությունների բնակչության եւ տնտեսության կարիքներին: Ծրագրի իրականացումը զգալիորեն կլուծի ջրի անբավարարության խնդիրը սահմանամերձ համայնքներում եւ կխթանի գյուղատնտեսության զարգացումը:

Միարժամանակ, մեծ թվով ադրբեջանական բնակավայրեր այսպիսով կզրկվեն հայկական ջրից օգտվելու հնարավորությունից եւ կհայտնվեն խմելու եւ ոռոգման ջրի պակասի հետ կապված լուրջ սոցիալական եւ տնտեսական խնդիրների առջեւ: Վերջինս, թեպետ, արդեն մեր գործը չէ եւ պետք է մտահոգի մշտապես թշնամական հայտարարություններով հանդես եկող Բաքվի «տիրակալին»:

Խնդրին բազմիցս անդրադարձած քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը թվարկում է ներկայումս Ադրբեջանի տարածք հոսող հետեւյալ գետերը, որոնց ջրի հոսքը նպատակահարմար է ուղղել կառուցվելիք ջրամբարներ՝ Աղստեւ, Կիրանց, Տավուշ, Խնձորուտ, Սառնաջուր, Գետիկ, Խաչուշ, ինչպես նաեւ Արցախի Կառկառ, Խաչեն, Իշխանագետ գետերը: «Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից արդեն իսկ մշակվել են մի շարք հիդրոտեխնիկական կառույցների նախագծեր: Բացի այդ մենք արդեն ունենք այդ ուղղությամբ հաջողությամբ իրականացված նախագծեր՝ 2011 թվականին համապատասխան շինարարության արդյունքում նախկինում անվերադարձ Ադրբեջանի տարածք հոսող Ոսկեպար եւ Դեբեդ գետերի ջուրը ուղղվեց Տավուշի մարզի մի շարք գյուղական համայնքների ոռոգման խնդրի լուծմանը:

Խնդիրը, սակայն, կայանում է նրանում որ մենք այսօր չունենք Ադրբեջան հոսող հայկական գետերի ջրի օգտագործման համապարփակ մշակված ծրագիր: Բացի այդ առկա է լայնածավալ շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթելու խնդիրը: Սակայն համապատասխան քաղաքական կամք դրսեւորելու դեպքում միանգամայն հնարավոր է առավելագույնը 10-12 տարվա ընթացքում աստիճանաբար իրագործել այս ծրագիրը: Սկզբնական փուլում ֆինանսավորման մի մասը հնարավոր է ապահովել միջազգային եւ միջպետական վարկային կառույցների ինչպես նաեւ հովանավորների, օրինակ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, օժանդակությամբ:
Վերջապես հիշենք, որ ջուրը մեր երկրի հարստությունն է եւ նվիրելով այն մեր հանդեպ թշնամաբար տրամադրված հարեւան պետությանը՝ մենք օժանդակում ենք նրա հզորացմանը, մինչդեռ այս գործոնի ճիշտ օգտագործման դեպքում՝ արդյունքները իրենց երկար սպասեցնել չեն տա:

Ունենալով այսպիսի հզոր ազդեցության միջոց, ինչպիսին է ջրի աղբյուրների հսկողությունը, այսօր թշնամուն ջուր նվիրելը մեր կողմից առնվազն անթույլատրելի շռայլություն է: Իդեպ, ինչ վերաբերվում է հարեւան պետությանը՝ վերը նշված ծրագրի իրականացումից հետո այն միանգամայն իրավասու է խմելու եւ ոռոգման համար օգտագործել ապշերոնյան թերակղզու նաֆթի արագորեն նվազող պաշարները:

Սույն հոդվածը խնդրում եմ համարել հորդոր՝ ուղղված համապատասխան պետական մարմիններին՝ սահմանամերձ շրջաններում ջրամատակարարման արմատական բարելավմանն ուղղված նպատակային ծրագրի մշակման եւ իրագործման, ինչի արդյունքում հայկական պետությունների ջրի պաշարները կօգտագործվեն առավել արդյունավետ՝ ի շահ մեզ, այլ ոչ` թշնամու:

ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ
Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ
30.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29