Եգիպտոսում անցյալ տարի տեղի ունեցած Airbus A321 օդանավի կործանման մեջ ներգրավված են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով Ռուսաստանի հատուկ ծառայություններում իր աղբյուրները:
Պարբերականը նշում է, որ «Գորշ գայլերը», որոնք կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, Եգիպտոսում գործում են 1960-ականների վերջերից: Ենթադրվում է, որ հենց «Գորշ գայլերը», մասնավորապես նրա անդամներից Ալփարսլան Չելիքն է սպանել անցյալ տարվա նոյեմբերի 24-ին ռուս-թուրքական սահմանին խոցված ռուսական Սու-24 օդանավի փրկված օդաչուին:
Հիշեցնենք, հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում կործանվեց Շարմ էլ-Շեյխից Սանկտ-Պետերբուրգ թռչող ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus A321 ուղևորատար օդանավը: Ավիավթարի հետևանքով զոհվեցին օդանավում գտնվող 217 ուղևորները (այդ թվում 25 երեխա) և անձնակազմի 7 անդամները: Ավիավթարի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Պատրաստեց ՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ