Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ոչ մի կրակոց մեզ չի ստիպելու փոխել մեր ճանապարհը»

Փետրվար 01,2016 13:00

2007-ին 17-ամյա Լիանա Քոսակյանը Բերդից Երեւան եկավ սովորելու: Ընդունվեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետ: 2013-ին մագիստրատուրան ավարտեց գերազանցությամբ եւ որոշեց կրկին վերադառանալ Տավուշի շրջան: Մագիստրոսական տարիներին մայրաքաղաքում աշխատում, ձեռագործ աշխատանքները հանձնում էր խանութներին, բայց մինչ համալսարան ընդունվելը հաստատակամ էր. որքան էլ տեղի պայմանները ծանր լինեն, չի լքելու հայրենի քաղաքն ու տունը:

22 տարեկանում վերադարձավ Բերդ: Ամիսներ անց աշխատանքի ընդունվեց Բերդի N 3 հիմնական դպրոցում: Արդեն երեք տարի է աշխատում է որպես պատմության ուսուցչուհի: Ունի 75 աշակերտ:

«Ծնված օրից ապրում եմ սահմանամերձ գոտում: Գիտեմ այստեղի պայմաններն ու դժվարությունները: Այս ամենը գիտակցելով՝ չէի կարող չվերադառնալ իմ ծննդավայր եւ չզբաղվել մանկավարժությամբ: Իհարկե մեծ հաջողություն էր վերադառանալով միանգամից աշխատանք ունենալը»:

Ուսանողական տարիներին ապրելով մայրաքաղաքում՝ համոզվել է՝ Բերդում մարդիկ այլ կերպ են ընկալում ընկերությունը, նրանց համար ծննդավայրը բացարձակ արժեք է: Սահմանամերձ շրջանում շատ են տաղանդավոր երեխաները: Նրանց հայրենասեր մտածողությունը հաճելի է դարձնում իր աշխատանքային գործունեությունը: Լիանայի աշակերտները հաճախ են մասնակցում դպրոցական մրցույթների: Աշակերտներից շատերը մեծ հաջողություններ են գրանցում համապետական օլիմպիադաներում:
Նրա խոսքերով, երբեւէ սահմանամերձ շրջանում ապրելն ու հակառակորդից մի քանի կիլոմետր հեռու լինելու հանգամանքը, չի խանգարել աշխատանքային գործունեությանը. «Եղած խնդիրները համակարգային, ընդհանուր են եւ կապ չունի, որ շրջանի ուսուցիչ ես»:
Երբեմն դասերի ընթացքում կրակոցների ձայներ են լսվում: «Երբ լսում են այդ ձայները, խուճապի չեն մատնվում: Կարծես նրանց համար արդեն սովորական են դարձել դրանք: Միեւնույնն է անվտանգության համար տուն եմ ուղարկում: Այստեղի մարդիկ ուժեղ են: Արդեն սովորել են այդպիսի իրավիճակներին: Անգամ զոհերի մասին լուրերը, ցավոք, արդեն չեն զարմացնում»,- պատմում է Լիանան:

Վստահեցնում է, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել՝ մեկ րոպե անգամ չփոշմանելով: Աշակերտները մեծ եւ կարեւոր դեր ունեն նրա կյանքում: Նրանք շատ խելացի են եւ քաջ, պարզապես ուշադրության եւ սատարման կարիք ունեն: Ասում է՝ սահմանամերձ տարածքների բնակիչները պետք է հավատան, որ մենակ չեն եւ ցանկացած իրավիճակից ելք ունեն:

Դպրոցում ուսուցչուհի, իսկ աշխատանքի ավարտից հետո ակտիվ եւ արկածախնդիր երիտասարդ է: Բերդի ընկերների հետ հաճախ է փորձում կոտրել լարվածությունը եւ հակառակորդին ապացուցել՝ կրակոցները իրենց չեն ընկճում: Երկու տարի առաջ Տավուշի սահմանում լարված դրություն էր, անդադար կրակոցներ: Ընկերներով որոշեցին ցույց տալ, դրանք իրենց չեն վախեցնում.

«Սահմանի մոտիկ ճանապարհով դանդաղ քայլում էինք եւ հայրենասիրական երգեր երգում: Երիտասարդ էինք, միգուցե արարքի լրջությունը չէինք հասկանում, ամեն ինչ կարող էր այլ կերպ ընթանալ, բայց ցանկանում էինք տեսնեին, որ չենք պատրաստվում վախենալ եւ թաքնվել: Ուզում եմ բոլորը իմանան՝ երբեք չենք լքելու մեր հողն ու ջուրը: Ոչ մի կրակոց մեզ չի ստիպելու փոխել մեր ճանապարհը»:
Լիանան հորդորում է՝ որ ուսումն ավարտածները վերադառնան հայրենի գյուղեր, քաղաքներ: Ասում է՝ նրանք պետք է գիտակցեն, որ իրենց ներուժը շատ կարեւոր է: Կարեւորությունը չպետք է միայն տրվի հարմարավետությանը եւ եթե բոլորով միանան, իրենց համայնքը ավելի ուժեղ կդարձնեն:

ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29