Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» դիմում է իրավասու մարմիններին՝ «Զվարթնոց» օդանավակայանի բարձրահարկ շենքի ապամոնտաժումը թույլ չտալու համար

Փետրվար 01,2016 10:54

ԴԻՄՈՒՄ

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հնարավոր ապամոնտաժման կապակցությամբ

Ընդգծելով, որ

-«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը հանրության կողմից ճանաչված է որպես յուրօրինակ խորհրդանիշ և պատմական, մշակութային արժեք,

-բազմաթիվ տեղական և միջազգային հեղինակավոր ճարտարապետական կազմակերպություններ կոչ են արել ՀՀ կառավարությանը` պահպանել և վերականգնել «Զվարթնոցի» շենքը՝ որպես ճարտարապետական յուրատեսակ նմուշ:

– 2013թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդը մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի (կլոր շենք) քանդման վերաբերյալ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկը և այդ շինության պահպանման խնդրանքով դիմել էր ՀՀ կառավարությանը։

Հաշվի առնելով, որ

-«Զվարթնոց» օդանավակայանի շենքն ունի ոչ միայն պատմա-մշակութային, այլև կարող է ունենալ խոշոր տնտեսական նշանակություն, քանի որ շենքի տարածքում արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների, ներդրումների և գործարարության խրախուսման այլ միջոցառումների կիրառման միջոցով հնարավոր է ստեղծել ազատ տնտեսական, որակյալ ժամանցի գոտիներ, տնտեսապես գործունեության համար բարենպաստ մթնոլորտ,

– տարածաշրջանային զարգացումների ներկա համատեքստում մեծ է արտերկրից փախստականների և ապաստան հայցողների, պարենի, այլ օժանդակության արագ ընդունման և տեղակայման գործում Զվարթոց օդանավակայանի հին շենքի ունեցած պոտենցիալը,

-կան հիմնավոր կասկածներ, որ շահագրգիռ որոշ կողմեր փորձում են ոչնչացնել վերոնշյալի համար անհրաժեշտ շենքային պայմանները, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման թույլտվությունը տրված է առանց համապատասխան իրավական հիմքի և պատշաճ փաստաթղթավորման, որ մասնաշենքի ապամոնտաժման մասին Երևանի ավագանին ու նրա անդամները պատշաճ կերպով ծանուցված չեն եղել,

– «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող մյուս օբյեկտների (ԱԷԿ, ՀԷԿ-եր, Արփա-Սևան թունել) հետ միասին, կառուցվել է անվտանգության կանոնների առանձնակի, խիստ պահպանմամբ և ի վիճակի է դիմանալ 9 բալանոց երկրաշարժի, իսկ առկա մաշվածությունը կարելի է վերականգնել հարաբերականորեն փոքր ծախսերով:

Փաստելով Երևան քաղաքի «Երիտասարդական պալատի» ապամոնտաժման տխրահռչակ փորձի մասին, երբ ինչ որ խմբակային շահերից ելնելով նշյալ շենքը խնամքով քանդվեց ու յուրացվեց, բայց նույն տեղում մինչ այսօր որևէ նոր նախագիծ չի իրականացվել՝

Լուսավոր Հայաստան Կուսակցության Երևան քաղաքի խորհուրդը դիմում է.

ՀՀ Կառավարությանը, ՀՀ մշակույթի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, ՀՀ իրավապահ մարմիններին և բոլոր այլ իրավասու մարմիններին՝

1.-Թույլ չտալ «Զվարթնոց» օդանավակայանի բարձրահարկ շենքի ապամոնտաժման որևէ գործողության իրականացում:

2. -Ուսումնասիրել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղևորային համալիրի կառավարման, քանդման և վերակառուցման հետ կապված բոլոր հարաբերությունները՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի և գործունեության հայտնաբերման ու կանխարգելման համար:

3. -Օրենքով սահմանված կարգով և ժամանակամիջոցում տեղեկացնել դիմումատուին՝ իրականացված գործողությունների, դրանց արդյունքների և հետևանքների մասին:

Լուսավոր Հայաստան կուսակցության Երևան քաղաքի խորհուրդ

29.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29