Երեւան քաղաքի բնակչուհի, 1972թ. ծնված Արմինե Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թբիլիսիում ձեռք է բերել ատամնաբուժության մեջ օգտագործվող 13 անվանումով նյութեր եւ «Նիսան Մառչ» ավտոմեքենայով Վրաստանից Հայաստան է տեղափոխել 1 միլիոն 120 հազար 400 դրամ շուկայական արժեքով վերոհիշյալ նյութերը՝ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները չհայտարարագրելով: Սակայն Բագրատաշենի մաքսակետում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից նշված ավտոմեքենայի կրկնակի զննության արդյունքում բեռնախցիկից հայտնաբերվել է 7 հատ պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ գտնվել են նշված ապրանքները:
Ա. Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով («Մաքսանենգությունը»): Այս հոդվածը նախատեսում է 1-3 միլիոն դրամ տուգանք, կամ ազատատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, մաքսանենգության գույքի բռնագրավմամբ:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ