Մենք ապրում ենք բացառիկ մի երկրում, ուր նույնիսկ հացի գինն է թաքուն ու աննկատ բարձրանում: Աննկատ այն իմաստով, որ հացի գնի թանկացման մասին ոչ ոք հրապարակավ չի հայտարարում: Ի տարբերություն տրանսպորտի, էլեկտրաէներգիայի կամ գազի գների թանկացման: Հացի թանկացումն աննկատ է ի կատար ածվում, մինչդեռ հետեւանքներն ավելի քան զգալի ու նկատելի են, եւ դա ավելի քան բնական է, որովհետեւ որպեսզի մարդ արարածը տրանսպորտ նստի, էլեկտրաէներգիա օգտագործի կամ գազ վառի, նախ պիտի հաց ուտի: Թեկուզ ցամաք հաց: Եվ հաց ուտելուց հետո նոր միայն պիտի մտածի գազ ու էլեկտրաէներգիա օգտագործելու եւ տրանսպորտով ֆռֆռալու մասին:
Հետաքրքիրն այն է, որ հացի գնի պարբերական թանկացումները ոչ միայն հացի գինը թանկացողներն են արդարացնում, այլեւ սպառողներն ու գրեթե բոլորը: «Որ գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են, բնական է, որ հացն էլ պիտի թանկանա»,- ասում են արդարացնողները: Եվ ոչ ոք չի մտածում, որ գազն ու էլեկտրաէներգիան ոչ միայն հաց արտադրողների համար են թանկացել, այլեւ հաց առնողների եւ հաց ուտողների:
Հացը, իհարկե, մեր կեցության գլխավոր սնունդն է, բայց քաղաքակիրթ ու նորմալ քաղաքացին հացից բացի՝ այլ սննդամթերքների ու սննդատեսակների պահանջներ էլ ունի, որոնք նույնպես Հայաստանում պարբերաբար թանկանում են, եւ վերստին՝ նույն պատճառաբանությամբ. եթե գազը, էլեկտրաէներգիան, ջուրն ու ամեն ինչ թանկացել են, մնացած ամեն ինչի գներն էլ, բնականաբար, պիտի նույնը չմնան: Ներառյալ՝ դեղորայքի ու ամեն ինչի գները: Դեղորայքը հատուկ ենք շեշտում, որովհետեւ հատկապես մեր դժվարին կյանքում է մարդու առողջությունը շարունակաբար վտանգված, եւ, թարսի պես՝ ինչքան դեղորայքը թանկանում է, էնքան մարդիկ ավելի ու ավելի են դեղորայքի կարիք զգում:
Ինչքան էլ սոցիալական հարցերի ու խնդիրների կողքով անցնելով՝ դրանք փորձենք անտեսել ու շրջանցել, չի հաջողվի: Ինչքան էլ փորձենք չնվնվալ ու չդժգոհել ներկա իրավիճակից, դրանից մեր վիճակն ու իրավիճակը չեն բարելավվի, չնայած նվնվալով ու դժգոհելով էլ որեւէ բան դեպի լավը չի փոխվում:
Իշխանություններն ու իշխանամետները՝ ինչպես միշտ, հիմա էլ բողոքավոր ժողովրդին կոչ են անում ու հորդորում են չնվնվալ, չբողոքել ու չդժգոհել՝ «անհասկացողներին» հասկացնելով ու բացատրելով, որ, փաստորեն, Հայաստանի ու Ղարաբաղի սահմաններին պատերազմական իրավիճակն ու լարվածությունը շարունակվում են, եւ մեր սահմանների պաշտպանությունը բավական թանկ է նստում մեր երկրի վրա. ասել է թե՝ հանուն Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության՝ մշտապես պիտի ըմբռնումով մոտենանք եւ մշտապես պիտի պատրաստ լինենք ինքնազոհաբերության:
Բայց մեր ժողովուրդը ե՞րբ պատրաստ չի եղել ինքնազոհաբերության: Ավելի ճիշտ՝ ե՞րբ իրեն զոհաբերության չի ենթարկել: Եթե այս ուղղությամբ ավելի լուրջ մտածենք, հիշելով կհասկանանք, որ Հայաստանի անկախության քառորդդարյա պատմությունը հենց մեր ժողովրդի ինքնազոհաբերության պատմությունն է՝ հանուն Արցախի պաշտպանության ու ապահովության:
Մեր ժողովուրդն անտրտունջ տարավ պատերազմի ցուրտ ու մութ տարիները, եւ եթե պատերազմի տարիների ցրտից ու մթից տրտնջացողներ կան, էդ հիմա են տրտնջում, ոչ թե պատերազմի տարիներին: Եվ մեր ժողովրդից սրանից ավելի ինքնազոհաբերում պահանջելը խելքից ու մտքից դուրս բան է, որովհետեւ ինքնազոհաբերությունն այս վերջին քառորդ դարում մեր ժողովրդի հիմնական «զբաղմունքն» է: Եվ վաղուց ժամանակն է, որ մեր ժողովրդից ինքնազոհաբերություն պահանջողները մի քիչ էլ իրենք ինքնազոհաբերվեն:
Կարդացեք նաև
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2016