Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն ասում է, որ շատերի մասնագիտական կարծիքն է լսել և ինքն էլ է համոզված, որ Հայաստանի ազգային պատկերասրահի շենքն իր ճարտարապետությամբ հարմար չէ պատկերասրահի համար:
«Այն ժամանակ էլ էին մարդիկ դժգոհ, երբ այն կառուցվեց, որովհետև, որպես պատկերասրահի շենք, շատ անհաջող է, լուսավորությունն էլ ուղղակի ահավոր է: Բացի այդ, նույն շենքում երեք-չորս թանգարան է խտացված: Ե´վ նախկին, և´ ներկայիս ղեկավարների, արվեստաբանների հետ խոսելիս պարզվում է, որ հավաքածուների մեծ մասը չի ցուցադրվում: Մինչդեռ, այնքան հրաշալի բաներ կան, որոնք կարող էին և պետք է ցուցադրվեին: Իսկ մեր պատկերասրահում նույնիսկ այդ պայմանները բավարարված չեն: Պատմության թանգարանն էլ իր հերթին է «խեղդված». շատ փոքր հատված է այդ շենքում զբաղեցնում»,- Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում այսօր այսպիսի տեսակետ արտահայտեց գեղանկարիչը՝ անդրադառնալով Ազգային պատկերասրահը Հանրապետության հրապարակում գտնվող շենքից տեղափոխելու հարցին, որը վերջին շրջանում հաճախ է բարձրացվում:
«Եթե լավ տեղ ու ֆինանսներ լինեն, և Պատկերասրահի համար նոր շենք կառուցվի, հրաշալի կլինի: Բայց, իհարկե, պետք է տեղը համապատասխան լինի: Ես չգիտեմ՝ որևէ տեղ արդեն ընտրել են, թե ոչ, բայց վերջերս լսեցի, որ լուրջ ընթացք է ստացել Պատկերասրահի համար նոր շենք կառուցելու հարցը: Հրապարակում գտնվող շենքը շատ փոքր է, որպեսզի երեք-չորս թանգարան մեջը գոյատևի: Պատմության թանգարանի ցուցանմուշներն իրար գլխի են կուտակված, մինչդեռ, ամեն մեկը մի սրահի նմուշ է: Ուրիշ երկրներում գիտե՞ք՝ դրանք ինչ փայփայանքով են ներկայացնում, իսկ մենք դարակներում, ցուցափեղկերում իրար վրա լցրած ենք ցույց տալիս՝ դրանով իսկ արժեզրկելով եղած հավաքածուն: Նույնը նաև Պատկերասրահի դեպքում է: Եթե վերջինս առանձին տարածք ունենա, իրենը կարող է նվիրել Պատմության թանգարանին»,- նշեց մեր զրուցակիցը:
Հաղթանակ Շահումյանն ընդգծեց, որ եթե ցանկանում ենք զբոսաշրջությունը զարգացնել մեր երկրում, ուրեմն և´ Ազգային պատկերասրահը, և´ Հայաստանի պատմության թանգարանը պետք է լիարժեք ներկայանան, այնպես, ինչպես Մատենադարանն է ներկայանում:
Կարդացեք նաև
«Ավելի լավ կլինի, եթե թանգարանային համալիրներն իրար կողքի լինեն: Օրինակ` նախկինում ես պատկերացնում էի, որ հենց Պատկերասրահի հետևի մասում կարող է լինել (այնտեղ, որտեղ հիմա շինարարություն են անում, բնակելիներ են կառուցել): Պատկերասրահի համար հրաշալի տեղ կլիներ: Ժամանակին չարեցին, հիմա արդեն ուշ է»,- նկատեց գեղանկարիչը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Համաձայն եմ ըսուածներուն/արուստը ,նկարչութիւն,քանդակագործութիւն եւ այլ/ուր ունինք հարուստ ժառանգութիւն արժանի են աւելի ճոխ ներկայացուելու- Այնքան լաւ քայլեր առնուեցան վերջին տարիներու ընթացքին,վստահ եմ այս մէկը չանտեսուիր;