Արտադրություն գործարկելու համար տրված հարկային արտոնությունից չեն օգտվել
Տավուշի մարզի 24 գյուղեր ունեն սահմանամերձի կարգավիճակ եւ ազատված են հողի հարկից, գույքահարկից, օգտվում են ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի ե բնական գազի վարձավճարների կիսով չափ զեղչից: Այս տարեսկզբից սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ է տրվել Բերդ քաղաքին: Սակայն Բերդի բնակիչներին վարձավճարների արտոնություններ չեն տրվել, լոկ արտադրություն կազմակերպելու համար հարկային արտոնություն է տրվել:
Նոյեմբերյան քաղաքի Այգեհովիտ(Գոգվելի) տեղամասը սահմանակից է Ադրբեջանին, սակայն համայնքների վարչական սահմանների ճշգրտման, խոշորացման արդյունքում այդ տեղամասը, որպես Նոյեմբերյանի վարչական տարածքի 2-րդ հատված, նախկինում տրվել է Բերդավան համայնքին: Նոյեմբերյան քաղաքը սահմանամերձի կարգավիճակ չունի, սակայն 1990-ական թվականներին ադրբեջանական ռմբակոծության ժամանակ Նոյեմբերյանում տասնյակ զոհեր են եղել: 2015թ. սեպտեմբերի 24-ին ադրբեջանական 3 արկ ընկավ Նոյեմբերյան քաղաքի տարածքում, բարեբախտաբար, վնասներ չեղան: Նոյեմբերի 30-ին, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առիթով Նոյեմբերյան քաղաք ժամանած ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանին նոյեմբերյանցի կենսաթոշակառուները հարց առաջադրեցին, թե ինչո՞ւ Նոյեմբերյանը սահմանամերձի կարգավիճակ չի ստանում:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հարցրինք` Նոյեմբերյան քաղաքը կստանա՞ սահմանամերձի կարգավիճակ: Մարզպետն ասաց, որ խնդիրը արտոնություններ տալը չէ, այլ՝ դրանք օգտագործելը: Նրա խոսքերով՝ Նոյեմբերյան քաղաքից 3 կմ հեռավորությամբ Կողբը , Բերդավանը, Դովեղը սահմանամերձի կարգավիճակ ունեն, եւ եթե արտադրություն կազմակերպելու համար արտոնության կարիք կա, ինչո՞ւ չեն օգտվում այդ գյուղերի հնարավորություններից: Հ. Աբովյանը հայտնեց, որ մեկ տարի առաջ վերոհիշյալ գյուղերի բնակիչներին արտադրություն կազմակերպելու համար հարկային արտոնություններ են տրվել, սակայն դրանք ոչ ոք չի օգտագործել , արտադրություն չի հիմնել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ