Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշանիկ Բախշյանի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց

Հունվար 31,2016 15:16

Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 30-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` գործով մեղադրյալ, «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, բայց նաև բավարարել մեղադրյալի փաստաբանի միջնորդությունը և կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Քննությամբ հիմնավորվել է, որ Մերի Մարգարյանի հղիությունը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսևորվել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Շ.Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն և վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։

2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն՝ հերթական կոնսուլտացիայի համար և տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան:

2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած՝ արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Շ.Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի կողմից վարույթն իրականացնող մարմինը գրավոր տեղեկացվել է, որ Շ.Բախշյանն ունի ստացիոնար բուժման կարիք. նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի բրոնխոպնևմոնիա և գրիպ «Ա», որպիսի պայմաններում նրա շփումը արտաքին աշխարհի հետ ցանկալի չէ, ուստիև՝ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի ընտրվել։

Քննիչը որոշում է կայացրել՝ Շ.Բախշյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և  հասարակայնության

հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031