Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեքներն անտեսելով

Հունվար 30,2016 22:55

Արժեքների թեման՝ իրականում անվերջանալի է: Այս առումով, կփորձենք չտեսակավորել դրանք և դրանց մասին կխոսենք ընդհանրական մոտեցմամբ` որպես մի ամբողջություն: Կյանքը՝ տարբերանշան արժեքների մի մեծ համաստեղություն է, որը շատ ընդգրկուն է և անհնար է այն լիովին՝ հիմնավոր կերպով վերլուծել: Շատ ավելի իմաստալից կլինի արժեքային համակարգը դիտարկել կրոնների ընդհանրական և մասնավորապես` քրիստոնեության դաշտում:  Կրոնների  գաղափարախոսությունը ևս, հիմնականում խարսխված է արժեքային համակարգերի վրա: Այնպես որ, խոսել  արժեքների մասին, անկարելի է շրջանցել դրանց ծագումնաբանությունը:

Ինչպես բոլոր կրոնները, այնպես էլ քրիստոնեությունը, մարդկանց քարոզում է բարոյական արժեքներ և մշտապես բարձրաձայնում, որ մարդու հոգին անմահ է ու նրա ֆիզիկական մահից հետո, այն տեղափոխվում և հավերժորեն գոյատևում է երկնքում: Այս ամենը հազարամյակներով է քարոզվում և բացի որոշակի այլ նպատակներից, այն խնդիր ունի նաև մեծացնելու երկնքի դերը և  շատ հաճախ, որոշ իշխանավորներ ու որոշ եկեղեցականներ դրա անվան տակ՝ երկրային կյանքում փորձում են քողարկել իրենց իրական նպատակները: Նման իշխանավորները և եկեղեցականները պարտադրված են լինում ցուցադրելու, որ իրենք՝ իրենց գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում են արժեքային համակարգերով և իրենց քայլերն էլ փորձում են խարսխել հենց այդ արժեքային համակարգերի վրա, այլապես նրանք կկորցնեն ժողովրդի վստահությունն իրենց նկատմամբ, ինչպես նաև սովորական մարդկանց նկատմամբ իրենց ունեցած «առավելությունները», հակառակ պարագայում, նրանք շատ արագ կսպառվեն: Այսինքն, կպատռվեն նրանց դիմակները և հեքիաթը ժամանակից շուտ կավարտվի: Իսկ այդ վիճակից փրկվելու մի ճանապարհ կա, որը նրանց կողմից մինչ այսօր հաջողությամբ կիրառվում է: Դա հետևյալն է. նրանք իրենց ամբողջ գործունեությունն իրականացնում են վերացական՝ հորինովի դաշտում, որը բովանդակային մասով հասու չէ ժողովրդին և միայն արտաքին ծածկույթով է հասու նրան, որն էլ  հրաշալի վարպետությամբ իրականացնում և ներկայացնում են նրան: Եվ, որպեսզի այդ արտաքին ծածկույթը հանկարծ ճաքեր չտա և պարզորոշ տեսանելի լինի նրանց իրական ներքինը, նրանք հորինել են այդ վերացական, դժվարամարսելի, ժողովրդին գայթակղող՝ հոգու անմահության, երկնային արքայությունում բոլորի պոտենցիալ հավասարության հնարավորության գաղափարը, որը և, մեծ վարպետությամբ մատուցում են նրան: Նրանք գտել են ժողովրդին ամենաշատ հետաքրքրող՝ անմահության տանող ճանապարհի խութերը և դրանց վրա էլ կառուցում են ամբողջ բլեֆը: Դրանք են. հիվանդությունները, անհաջողությունները, մահը և նմանատիպ շատ ու շատ այլ բաներ: Եթե այդ ամենը ժողովրդին չներկայացվի ստուգման համար՝ իրականում անհնարին շղարշներով, ապա այդ բլեֆը շատ արագ կբացվի: Հավանաբար, երկար փնտրտուքից հետո է միայն նրանց կողմից հորինվել խորհուրդը՝ Տեր Աստվածը և նրա բնակության վայրը՝ երկինքը: Ինչու՞ երկինքը, քանի որ երկիրը վերջավոր է և մի օր պարտադրված կլինեին մարդկանց դեմ առ դեմ հանդիպացնելու Տիրոջը: Իսկ, որ երկինքն իրոք արարող է, առանց նրա կյանք չկա և այն ֆիզիկապես անհասանելի է, դա արդեն ակնհայտ է և որ ամենակարևորն է, այս դեպքում ինքնաբերաբար վերանում է նաև Տիրոջ հետ՝ դեմ առ դեմ հանդիպելու հնարավորությունը: Այսինքն, այս պարագայում՝ երկնքին այլընտրանք չկա:

Անվիճելի է նաև, որ մարդկային կյանքը պայմանավորված է միմիայն երկնքի և երկրի միասնությամբ ու անհնար է գերագնահատել մեկի դերը մյուսի նկատմամբ: Այսինքն, այդ երկուսի միասնությունն է արարում մարդու ծնունդը և երաշխավորում նաև նրա հետագա՝ երկնային կյանքը: Կախված հետապնդվող նպատակներից, որոշ ուժեր դրանք տարանջատում են իրարից և ի ցույց դնում մեկի գերակայությունը մյուսի նկատմամբ: Թյուր կարծիքներից խուսափելու համար, ևս մեկ անգամ շեշտադրենք, որ առաջադեմ մարդկությունը երբևիցե՝ վայրկյան անգամ կասկածի տակ չի դրել Տիրոջ գոյության՝ հոգու անմահության անբեկանելի գաղափարը: Ուղղակի, մեր մեջ կան մարդկային տեսակներ, ովքեր դրանք շահարկում են հանուն իրենց անձնական շահերի: Հոգու երկնային անմահության գաղափարախոսության ջատագովների նման տեսակի նպատակը հետևյալն է. նրանք փորձում են հիմնավորել, որ երկինքը ոչ միայն լույսի և ջերմության հիմնական աղբյուրն է, այլ ինչպես երկիրն է մարդու համար ֆիզիկական բնակության վայր, այդպես էլ երկինքը՝ հոգու բնակության վայր:

Անվիճարկելի է, որ այս ամենը շատ վերացական է և սովորական մարդու համար դժվար ընկալելի: Նրանց համար, մարդու մարմինը և հոգին` որպես անբաժանելի միասնություն, մահվանից հետո տեղավորվում են հողի մեջ: Այսինքն ստացվում է, որ մարդու կյանքը նման է փակ շրջանի. նա հողից ծնվում, հողում էլ ավարտվում է: Ինչպես կրոնական հոսանքներն են պնդում, որ հոգու գոյատևումը երկնքում անվերջ է, նույն կերպ կարելի է պնդել, որ հոգու գոյատևումը հողի ներսում է անվերջ, այսինքն` այնքան է, որքան այդ հողի գոյությունը: Մենք` մարդ արարածներս, ապրելով, արարելով այս հողի վրա, ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ մարդկային կյանքը շարունակվում է այդ նույն հողի վրա, որի ներսում ամփոփված և դեռ՝ մինչև մարդկության ավարտն ամփոփվելու են մահացած մարդկանց մարմիններն ու հոգիները: Այլ խոսքով, ուզած, թե չուզած մենք անընդհատ հաղորդակցվում ենք այդ հոգիներին, և հետևապես պետք է մշտապես խոնարհվենք այդ հոգիներին ու ապրենք նաև հիշողություններով: Խոնարհ ապրող մարդը առաջնորդվում է բարոյականության որոշակի նորմերով, որոնք մասնակիորեն ծածկում են բարոյականության պատվիրանների դաշտը: Հազիվ թե հողագնդի վրա գտնվի մի այնպիսի տականք արարած, որը փորձի պղծել իր նախնիներին կապող հիշողությունները: Իսկ սա, այն միակ գրավականն է, որով հնարավոր է պահպանել և փայփայել գոյություն ունեցող արժեքները: Իսկ եթե այս բանաձևը չաշխատի, այսինքն` անտեսվեն այդ արժեքները, ուրեմն ոչ մի այլ ճանապարհ չկա ճիշտ ապրելու, պահպանելու ու փրկելու կյանքը՝ կյանք պահող, կյանքը սնող  այս արժեքները:

Այստեղ ամենակարևորն այն է, թե ամեն մեկս` մեր ապրած կյանքում, որքանով ենք առաջնորդվում վերը նշված բանաձևով և պահպանում այդ արժեքները: Չցանկանալով շատ խորանալ բազմաթիվ և բազմապիսի այլ հանգամանքների մեջ, նշենք միայն, որ մեր շուրջը համարյա մշտապես՝ անխտիր խարխլվում և խախտվում են շատ ու շատ արժեքներ, որոնց գլխավոր պատճառներից են նաև. նորմալ իրավական դաշտի բացակայությունը, օրենքների ոչ արդարացի կիրառման հանգամանքը, գործազրկությունը, արտագաղթը, կոռուպցիան, կաշառակերությունը, հարստության մոլուցքը և նմանատիպ շատ այլ երևույթներ, որոնք արժեքներ արարելու նախապայմաններ են: Բնական է, եթե զգոնություն չցուցաբերենք և չփորձենք կարգավորել նշված երևույթները, ապա վերջ ի վերջո, երկիրը կտանենք լիակատար կործանման: Ապրել, առանց հաշվի նստելու կյանքը` կյանք պահող արժեքների հետ, ուղղակի անհնար է: Իսկ եթե նույնիսկ հնարավոր լինի, ապա կյանք կոչվածը՝ նվազագույնը անխորհուրդ ու անիմաստ կլինի:

Մարդիկ, միշտ փորձենք հիշել մի բան. անտեսելով արժեքները, կկործանենք կյանքը: Այլ խոսքով, կյանքն առանց արժեքների, ունայնություն է…

 Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031