Այսօր Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ուսանող մարզիկների խրախուսման արարողության ժամանակ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ մրցաշրջան 2016-ում ուսանողական սպորտի գլխավոր իրադարձությունը ամռանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպական համալսարանական մարզական խաղերն են լինելու: «Ամբողջ տարվա ընթացքում, սկսած ապրիլ ամսից, կայանալու են համաշխարհային առաջնություններ եւ հույս ունենք, որ մի քանի մրցաձեւերում Հայաստանի ուսանող մարզիկները դրանց կմասնակցեն»,- ասաց նա:
Պատասխանելով Aravot.am-ի երկու հարցերին, թե մեր ուսանող մարզիկները ձմեռային ունիվերսիադաներին չեն մասնակցում եւ Հայաստանի մարզական ազգային ֆեդերացիաները, կարծես, այնքան էլ ակտիվ չեն համագործակցում ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ, Հովհաննես Գաբրիելյանը պատասխանեց. «Այո, ձմեռային ուսանողական խաղերին մասնակցություն դեռ չենք ունեցել, բայց պլաններ կան: Համագործակվում ենք Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ եւ նպատակ ունենք անպայման մասնակցել 2017 թ. համաշխարհաին ուսանողական խաղերին:
Ձեր երկրորդ հարցի հետ կապված. Եթե նայենք հետ, 2013 թվականին Կազանում կայացած ամառային ուսանողական համաշխարհային խաղերին Հայաստանը 60 հոգանոց պատվիրակությամբ էր մասնակցում: Պետության կողմից հատկացված գումարներով կարողացել ենք ապահովել մասնակցության կեսը: Մյուս մասով համագործակցել ենք թե միջազգային ֆեդերացիայի, թե ունիվերսիադայի կազմկոմիտեի, թե մեր ազգային ֆեդերացիաների հետ: 2015 թվականին նույնպես պետության կողմից հատկացված գումարը լիարժեք օգտագործվել է եւ կարիք չի եղել, որ ազգային ֆեդերացիաները իրենց կողմից գումարներ ծախսեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ