ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը հունվարի 30-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Մարգար Եսայանին, որը կողմ էր քվեարկել հակահայկական զեկույցին:
«Պետք է գիտակցենք, որ մարդիկ ունենում են խնդիրներ իրենց տուն վերադառնալու ժամանակ: Եթե այդ մարդը վերադառնար Թուրքիա եւ իրեն վատ վերաբերեին, չգիտեմ՝ ինչքանով էինք հպարտանալու: Այնուամենայնիվ, իր ընտրությունն է եղել, այս պարագայում՝ տեսանք, իմացանք, հասկացանք, գնացինք»,- ասաց նա:
Aravot.am-ի նկատառմանը, թե բացի կողմ քվեարկելուց Մարգար Եսայանը մինչ իր ելույթը ներկայացնելը հրապարակային հայտարարել էր, թե կխոսի իր մայրենի լեզվով ու խոսել է թուրքերեն, Թեւան Պողոսյանն ասաց. «Այդքանն է կարողացել, այդքանն է արել: Այդպես որ նայենք, պետք է սկսենք մեղադրանքների շարքը շատ տարբեր տեղերից: Ունենք մեկ այլ տեղ հայ ազգի բարձր պաշտոնյան, բայց այդ երկիրը մեզ դեմ է քվեարկվել, մեկ այլ տեղ ունենք հայտնի, հռչակավոր բիզնեսմեն , բայց այդ երկիրն էլ չի նպաստել: Մենք այնպես պետք է անենք, որ պետական շահեր մեզ հետ աշխատեն: Մենք պետք է որպես երկիր դառնանք այնքան հետաքրքիր ուրիշների համար, որ հայկական շահերին վնասելը լինի իրենց շահերին դեմ: Եվ այստեղ մենք մեր հարցերը կլուծենք, իսկ դա լիակատար հնարավոր է»:
Թեւան Պողոսյանը նշեց, որ ինքը չէր ցանկանա կատարվածը մեկ մարդով պայմանավորել. «Վաղը եթե այդ նույն մարդը վեր կենա ու Թուրքիայի մեջլիսում ապրիլի 24-ին մի շատ հայանպաստ հայտարարություն անի, բոլորս մոռանալու ենք այդ քվեարկությունը ու մեծարելու ենք այդ մադրուն: Թողեք օգտվենք նրանից ինչ հնարավոր է, ինչ որ կա: Գիտենք, հասկացանք, ավել ակնկալիքներ եկեք չձեւավորենք եւ հանգիստ մեր խնդիրներով զբաղվենք»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ Թուրքիայի պատվիրակությունը միշտ մեր դեմ է լինելու, եւ պետք է աշխատել այնտեղ ցանկացածին փոխել, կապ չունի՝ հայ է, թե քուրդ. «Ինքն իր առջեւ ունի Հրանտ Դինքի պատմությունը, նրանից ի՞նչ պահանջես: Ես ավելի շատ խնդիր ունեմ այնտեղ, որ ո՞նց է ստացվում, որ Հայաստանից մեկը վեր է կենում, գնում Ադրբեջան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ