«Աշուղ Ղարիբ» հեքիաթի հիման վրա Հայաստանում առաջին անգամ ժողովրդական օպերա է ստեղծվել: Հեղինակները ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրը և «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի մասնակից Սմբատ Խալաթյանն են:
«Աշուղ Ղարիբ»-ը արևելյան հեքիաթ-սիրավեպ է, որը լայն տարածում է ունեցել մեր ժողովրդի մեջ: Մենք այն վերցրել ենք ժողովրդից, փորձել ենք վերակենդանացնել ու վերադարձնելու ենք ժողովրդին: Սրանք գանձեր են, որոնք չպետք է մոռացվեն»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սմբատ Խալաթյանը:
Նրա փոխանցմամբ՝ բանահյուսության մեջ հստակ չի նշվում, թե այդ հեքիաթը որ ազգին է պատկանում, և որևէ ազգ չի կարող ասել, որ «Աշուղ Ղարիբ»-ը հենց իրենն է. «Բայց մենք կռվաններ ունենք,- նկատեց բանախոսը,- որովհետև այս հեքիաթի մասին առաջին գրավոր հիշատակությունը Սայաթ-Նովան է տվել իր «Մէ խօսք ունիմ իլթիմազով…» խաղում: Բացի այդ, Ղարիբը հայկական անուն է, ուրիշ լեզուներում չկա, և, ինչպես Շավիղ Գրիգորյանն է ասում, ղարիբությունը երևի թե միայն հայերիս «շնորհն» է»:
Արտեմ Խաչատուրի խոսքով՝ երկու գործողությունից բաղկացած ժողովրդական օպերան շուտով պատրաստ կլինի, սակայն այն ներկայացնելու հետ կապված որոշակի խնդիրներ կան. «Օպերային թատրոնի արտիստները պատրաստ չեն ժողովրդական օպերա կատարելու, որովհետև նրանք մասնագիտացած են դասական օպերաներ կատարելու մեջ: Իսկ մեր օպերայում առաջնայինը ժողովրդական երգեցողությունն է: Այս օպերան պարտադիր ժողովրդական պետք է լինի: Եթե փորձեն դասական վոկալով երգել, ես՝ որպես հեղինակ, կարգելեմ»,- ընդգծեց Ա. Խաչատուրը:
Բանախոսների խոսքով՝ երաժիշտների ընտրության հարցն ավելի հեշտ է լուծել. «փայլուն երաժիշտներ ունենք», բայց արտիստներին ընտրելը դժվար է: Դրա համար շուտով մրցույթ կհայտարարեն:
«Երանի իմ երիտասարդության տարիներին այսպիսի բան լիներ»,- Ս. Խալաթյանի փոխանցմամբ՝ «Աշուղ Ղարիբ» օպերային ծանոթանալուց հետո այսպես է արձագանքել Օֆելյա Համբարձումյանը:
«Ես պատկերացնում եմ՝ եթե լիներ, ինչքան գեղեցիկ կխաղար Օֆելյա Համբարձումյանը, և մենք ինչ փայլուն բան կունենայինք»,- նշեց Ս. Խալաթյանը:
Օպերան բարձր են գնահատել նաև Ռուբեն Մաթևոսյանը, Թովմաս Պողոսյանը և ուրիշներ: Մշակույթի նախարարությունը նույնպես շատ դրական է արձագանքել. «Հիմա պիտի կարողանանք բյուջեն հաշվել, ներկայացնել նախարարություն, որպեսզի իրենք հասկանան՝ ինչ չափով կարող է լինել իրենց հովանավորությունը»,- տեղեկացրեց Ս. Խալաթյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Աշուղ Ղարիբի մասին անավարտ ֆիլմ ունի Սարգիս Փարաջանյանը (Սերգեյ Փարաջանովը): Ես չեմ տեսել այդ ֆիլմը: Կգտնեմ անպայման: Ու անհամբեր սպասում եմ «Աշուղ Ղարիբ» ժողովրդական օպերային: