Ինչպես հայտնի է, նախաքննական մարմինը օրերս փոխեց Արթուր Վարդանյանի զինված խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով կալանավորված 71-ամյա հոգեւորական Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանի ու Գյումրու «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի աշխատանքները համակարգող, լրագրող Լիլիթ Թորոսյանի խափանման միջոցները: Նրանք ազատ են արձակվել ստորագրություն թողնելով՝ քաղաքից չհեռանալու մասին:
Այս օրերին մամուլում տարբեր տեղեկություններ հրապարակվեցին Հայր Անտոնի վերաբերյալ, մասնավորապես «Ժամանակ» թերթը գրեց, որ կաթոլիկ եկեղեցու քահանայի առջեւ պայման է դրվել՝ ազատ կարձակենք, կհանենք մեղադրանքդ, սակայն հեռացիր Հայաստանից: Իսկ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայր Անտոնի Թութունջյանը ցուցմունք է տվել՝ իրավապահներին մանրամասներ ներկայացնելով Արթուր Վարդանյանի, նրա խմբի գործունեության ու պայմանավորվածությունների մասին ու այսպիսով թվարկել է անուններ, որոնց մեջ եղել են նաեւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ:
Aravot.am-ն այսօր այցելեց Գյումրու Ղորղանյան 83 առանձնատուն, որտեղ գտնվում է Հայր Անտոնի կողմից հիմնադրված «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի Գյումրու գրասենյակը ու որտեղ փաստացի բնակվում է վարդապետը՝ իր Ավստրալիայից հայրենիք վերադարձած 96-ամյա մոր հետ: Մենք փորձեցինք ճշտել, թե նա դեռ Հայաստանո՞ւմ է ու զրուցել նրա հետ Արթուր Վարդանյանի խմբի հետ կապ ունենալ-չունենալու, անուններ տալու թեմայով: Դուռը փակ էր, ամենայն հավանականությամբ շաբաթ օրերին ռադիոկայանը չի աշխատում, սակայն Հայր Անտոնը, լսելով զանգի ձայնը, մոտեցավ ու հարցրեց, թե ո՞վ է: Մենք ներկայացանք, որին ի պատասխան Հայր Անտոնը փակ դռների արանքից փոխանցեց. «Ըսելիք չունեմ»: Մեր խնդրանքին՝ ամեն դեպքում միգուցե տեսնվե՞նք, վարդապետն ասաց՝ ոչ:
Ակնհայտ է, որ այս գործով կալանքից ազատվածներին նախազգուշացվել կամ խորհուրդ է տրվել չշփվել լրագրողների հետ. բոլորը խուսափում են հանդիպել ու խոսել, թեկուզեւ իրենց առողջական վիճակի ու կալանավայրի պայմանների մասին: Մեր հարցին, թե ձեր առողջական վիճակն ինչպե՞ս է, վարդապետը թողեց անպատասխան՝ հեռանալով դռան մոտից. պարզ լսվում էր նրա քայլերի ձայնը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ