Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այդ զեկույցի պատճառով վաղը չի հայտնվելու Սարսանգի ափերին»

Հունվար 30,2016 14:36

«Մենք մեծ դասեր քաղելու խնդիր ունենք»,- հունվարի 30-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Ըստ նրա, պետք է հասկանալ, թե անդամակցելով ԵԽԽՎ-ին այս տարիների ընթացքում ինչ չենք արել եւ ինչ պետք է անել, որ հնարավոր լինի այդ կառույցում Հայաստանի շահերն առաջ տանել. «Ցավոք սրտի, չէինք ձեւավորել բանակցելու այն անհրաժեշտ պաշարը, որ հակահայկական բանաձեւերն այնտեղ չծագեին, իսկ այսօրվա դրությամբ ունենք խնդիր պայքարել, որ եղած բացասական զեկույցի հանդեպ ճիշտ աշխատանքներ տանենք եւ չեզոքացնենք: Կարելի է շատ հանգիստ ասել, որ որեւէ կարեւորություն զեկույցը իրենից չի ներկայացնելու, ինչպես գործողությունների խնդիր, այսինքն՝ ոչ ոք դրա պատճառով չի գալու  այնտեղից ուժի միջոցով ղարաբաղցիներին չի հեռացնելու կամ դժվար, թե մեկը գա եւ ասի՝ Սարսանգի համար եկեք ներդրումներ անենք եւ օգնենք, որ դա դառնա համատեղ օգտագործման խնդիր: Դա պետք է երկար ճանապարհ անցնի: Մենք ունենք աշխատելու տեղ, պետք չի թեւաթափ լինել, պետք է աշխատել, որ իսկապես ԵԽԽՎ-ի բոլոր արժեքային հիմքերի վրա հիմնվելով կարողանանք մեր հայանպաստ աշխատանքը իրականացնել՝ հայկական շահերը առաջ տանելով»:

Թեւան Պողոսյանը համարում է, որ պետք է հասկանալ ինչպես է կառույցը աշխատում եւ ինչ քայլեր պետք է անել, որ այդ կառույցը քեզ չհարվածի. «Փաստորեն, մենք ունենք հետեւյալ իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները սկսած 2002 թվականից բարձրաձայնում են, որ ջրի համատեղ օգտագործումը կարող է բարենպաստ անդրադառնալ իրավիճակի մեղմացմանը, ծառայի միջոցառումների ամրապնդմանը, տարբեր առաջարկներ են անում, Մինսկի խմբին են դիմում, միջազգային տարբեր ատյանների են դիմում, նույնիսկ հասնում է նրան, որ 2011-ին ծրագիր են մշակում եւ ներկայացնում: Եվ այդ ամենը, ինչը Ղարաբաղն էր ներկայացնում, օգտագործվում է Ղարաբաղի դեմ: Այսքանը մենք ստացել ենք այն պատճառով, որովհետեւ չենք ձեւավորել համապատասխան համակարգ»:

Նա ընդգծեց, որ իրավիճակը մեկ օրում չի ստեղծվել, եւ Ադրբեջանը մեկ օրվա մեջ չի կարողացել իր շահերը առաջ տանել. «Ամենասխալ ուղղությունը կլինի, եթե մենք հիմա ոչ թե մտածենք ինչ ենք անելու վաղը, այլ սկսենք միայն եւ միայն քննել, թե ինչ չի արվել երեկ: «Ինչ չի արվել երեկ»-ի դասերն ուրիշ էին, բայց պետք է մտածենք՝ ինչ անենք վաղը, այստեղ է ճիշտ ուղղության զարգացումը, եւ մենք պետք է կարողանանք գնալ»:

Թեւան Պողոսյանը համարում է, որ եթե քաղաքական խնդիր է, ապա պետք է այնպես անել, որ մոռանան այդ հակահայկական զեկույցի մասին. «Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այդ զեկույցի պատճառով վաղը չի հայտնվելու Սարսանգի ափերին: Դա այլ խնդիր է, եւ այլ դաշտում է լուծվելու, եւ ինձ չի թվում, որ երբեւէ իրենք հայտնվելու են այնտեղ: Բայց խնդիրը, որ այս զեկույցը կա, տալու է հղման դաշտեր Ադրբեջանին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031