Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատ է. նա հետազոտության եւ բուժման կարիք ունի

Հունվար 30,2016 14:10
Vahan harutyunyan

«Ես այցելել, հանդիպել եմ Վահան Շիրխանյանին: Առողջական վիճակն այդքան էլ լավ չի, գանգատներ կան ոտքի հետ կապված, ինքը թրոմբ ունի: Մենք զգուշացրել էինք եւ դատարանում, եւ քննչական մարմիններում, որ բացի թրոմբի խնդրից, նրա ոտքն ավելի վաղ վիրահատվել է եւ երկու երակ հեռացրել էին»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ-ի կողմի ձերբակալված   ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

Տիգրան Տեր-Եսայանը նշեց, որ միշտ բարձրացել են առողջության հետ կապված հարցը եւ պահանջել, որ խափանման միջոցը փոխվի, որպեսզի Վահան Շիրխանյանն իր առողջական խնդիրները լուծի. «Մենք պատրաստվում ենք երկուշաբթի միջնորդություն անել քննչական մարմնին: Մի միջնորդության բովանդակությունն այն է լինելու, որ Շիրխանյանն արդեն մեկ ամիս է կալանքի տակ է: Մենք խնդրելու ենք քննչական մարմնին քրեական գործի շրջանակներում, եթե հարցեր ունեն, քննչական գործողության անհրաժեշտության կա, ապա շուտ արվի դա»:

Փաստաբանի խոսքով՝ Վահան Շիրխանյանը չի խուսափում քննչական գործողություններից, հարցերի պատասխանելուց. «Եթե կա այդպիսի գործողությունների անհրաժեշտություն, թող արվի, հետո խափանման միջոցը փոխվի եւ ինքն իր առողջության հարցերով զբաղվի: Մենք որպես խափանման միջոցը փոխելու խնդրանքի հիմնավորում նշել ենք, որ ինքն ազատության մեջ լինելով չի խոչընդոտի քննությանը: Մենք անհանգստացած ենք նաեւ իր առողջությամբ: Չենք ուզում քննչական գործողություններին խանգարել»:

Երկրորդ միջնորդության մեջ նշված է, որ առողջական վիճակը լավ չի եւ Շիրխանյանին հնարավորինս արագ տեղափոխեն Ավագյան բժշկական կենտրոն. «Նա այնտեղ է վիրահատվել եւ այդ կենտրոնում կա անոթների հետազոտության համապատասխան սարք: Անհրաժեշտության կա, որ ոտքի թրոմբի բուժում կատարվի»:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել է, որ հունվարի 27-ին ազատ արձակված Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը, որը նույնպես կասկածվում է Արթուր Վարդանյանի ստեղծած խմբավորման անդամ լինելու մեջ, քննիչներին ներկայացրել է խմբի անդամների եւ Արթուր Վարդանյանի գործունեության մասին հետաքրքիր մանրամասներ։

Մեր հարցին, թե վարդապետ Թութունջյանը Վահան Շիրխանյանի վերաբերյալ ինչ-որ բան ասե՞լ է քննիչներին, պարոն Տեր-Եսայանը պատասխանեց. «Ինքն է եղել միջնորդը լրագրողի եւ Արթուր Վարդանյանի ծանոթության: Շիրխանյանն իրեն ճանաչել է կաթոլիկ հավատքի առումով: Շիրխանյանը չի հրաժարվում, որ ճանաչել է, քանի որ նույն տեր-հայրն է ծանոթացրել այդ երկու անձնավորությանը Շիրխանյանի հետ: Մենք դեմ չենք, որ ինքն ազատության մեջ է եւ ոնց է հայտնվել: Իր խնդիրն է, թե ինչ է ասել, որ դուրս եկել»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031