«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր համանուն հիմնադրամը կազմակերպեց «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկումը։ Բանախոսները հատնեցին, որ մշակել են հայ-իրանական գործակցության ծրագիր, որը ենթադրում է արևային տեխնոլոգիաներով աշխատող գործարանների կառուցում: Այդպիսի գործարանների արտադրած գյուղմթերքը նախատեսվում է սպառել Ռուսաստանի շուկայում: «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանի խոսքով՝ ծրագրի իրականացումն ավելի քան անհրաժեշտ է, քանի որ թուրքական գյուղմթերքն առաջիկա մեկ-երկու տարում Ռուսաստանի արգելքով չի կարող մուտք գործել այդ երկրի շուկա: «Հելիոֆիկացիայի ծրագրի շրջանակում փորձում ենք բարելավել հայ-իրանական եւ հայ-ռուսական հարաբերությունները: Դա կարելի է իրականացնել արեւային տեխնոլոգիաների միջոցով գյուղմթերքներ մշակելով: Նախատեսում ենք Հայաստանում եւ Իրանում ստեղծել արեւային էներգիայով գյուղմթերք վերամշակող գործարաններ: Դա հնարավորություն է տալիս ստանալու բարձր որակի արտադրանք: Ամենայն հավանականությամբ, մոտ երկու տարի անց թուրքական ապրանքները կրկին կմտնեն ռուսական շուկա: Մենք կփորձենք օգտվել առիթից, զարգացնել հայ-իրանական հարաբերությունները»,-ասաց Վահան Համազասպյանը:
Նա լրագրողներին ներկայացրեց արեւային էներգիայով աշխատող գործարանի նախագիծը. «Արեւային գործարանները պետք է կառուցվեն գյուղերում: Յուրաքանչյուր գյուղ կունենա իր փոքրիկ գործարանը, որը գյուղացիներին կօգնի բերքը տեղում իրացնել եւ ստանալ բարձր որակի գյուղմթերք»: Մասնագետի խոսքով՝ այդպիսի գործարանները կարող են վերամշակված գյուղմթերքը արտահանել նաեւ այլ երկրներ. «Գործարանի կառուցման արժեքը սկսվում է 500.000 դոլարից: Այն կարող է արտադրել ծիրանի չիր, կոնյակի սպիրտ, արեւային քաղցրավենիք՝ սուջուխ, տեղում սպառել 800 տոննա խաղող: Սա բացարձակ նոր տեխնոլոգիաներ են, աշխարհում չկան այդպիսի գործարաններ: Եթե կարողանանք Իրանի հետ այս ծրագիրը իրականացնել, նման գործարաններ կարող ենք կառուցել նաեւ այն երկրներում, որտեղ կցանկանան»:
Կարդացեք նաև
Վահան Համազասպյանը նաեւ նշեց, որ արեւային էներգիան օգտագործելու ծրագրերով բազմիցս դիմել է կառավարությանը, սակայն մինչ օրս հստակ արձագանք չկա. «Կառավարության գործողությունները գյուտարարների համար հասկանալի չեն: Խոսում են հայ-իրանական համագործակցության եւ ներդրումների մասին, բայց մենք ավելի հետաքրքիր առաջարկ ենք ներկայացրել: Ես դիմել եմ նաեւ Իրանի դեսպանատանը: Եթե կարողանանք եկող տարվանից ռուսական շուկայում իրացնել վերամշակված գյուղմթերք, կգերազանցենք թուրքերին: Եթե սովորական չրեղենը չիր է, ապա արեւային տեխնոլոգիայով մշակված գյուղմթերքը էկոլոգիապես մաքուր մթերքի կարգավիճակ ունի: Այդպիսի ապրանքի վաճառքի գինը 2 անգամ թանկ է, այնպես որ, սա ռուսական շուկա մտնելու բացառիկ եւ միակ հնարավորությունն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ