Խոր վշտով հայտնում ենք, որ 88-րդ տարում կյանքից հեռացավ բազմավաստակ և ականավոր պատմաբան, մանկավարժ, պետական, հասարակական-քաղաքական գործիչ, գիտակրթական համակարգի տաղանդավոր կազմակերպիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը:
Նա ծնվել է 1928թ. դեկտեմբերի 9-ին Սյունիքի Շինուհայր գյուղում՝ մտավորականի ընտանիքում: 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1962թ.՝ ԽՄԿԿ կենտկոմի հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան (Մոսկվա):
Հայկոմկուսի մարմիններում և գիտական հիմնարկներում վարել է զանազան պաշտոններ: 1962թ. պաշտպանել է թեկնածուական, 1969թ.՝ դոկտորական ատենախոսություններ: 1971թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1996թ. ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ: 1977-90թթ. Հ. Սիմոնյանը եղել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի՝ կուսակցության պատմության ինստիտուտի տնօրեն, 1993-94թթ.՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1991-93թթ.՝ սփյուռքահայության հետ կապերի կոմիտեի նախագահ, 1994-2006թթ.՝ Ակադեմիայի նախագահի խորհրդական:
Հրաչիկ Սիմոնյանն եղել է Հայկոմկուսի կենտկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ներման հանձնաժողովի նախագահ, շրջանային և քաղաքային խորհուրդների, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:
1964թ.-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Հանրապետության այլ բուհերում: 1999-2003թթ. ղեկավարել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը: 2008թ.-ից ղեկավարում էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը:
Ակադեմիկոս Հ. Սիմոնյանը հեղինակել է երեք տասնյակ արժեքավոր մենագրություններ, ավելի քան չորս հարյուր գիտական հոդվածներ, որոնք հրատարակվել են Հայաստանում և ԱՄՆ-ի, Հունաստանի, Ճապոնիայի, Իրանի, Լիբանանի և արտասահմանյան այլ հեղինակավոր հրատարակչություններում ու ամսագրերում, որոնցում արծարծվում են ոչ միայն հայագիտության պատմական և արդի հիմնախնդիրները, այլ նաև հասարակության զարգացման հիմքերի, օրինաչափությունների տեսական-փիլիսոփայական ընկալումները:
Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են թեկնածուական և դոկտորական բազմաթիվ ատենախոսություններ: Զեկուցումներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Հունաստանում, Լիբանանում և այլուր: Չնայած իր տարիքին՝ Հ. Սիմոնյանն օժտված էր արտասովոր աշխատունակությամբ, երիտասարդական ավյունով և գիտական պրպտումների մեծ ձգտումով:
Նա գործուն մասնակցություն է ցուցաբերել Արցախյան շարժմանը: Հ. Սիմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներում» հնգահատոր մենագրությունն արժանացել է 2013թ. ՀՀ պետական մրցանակի:
Ակադեմիկոս Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը բացառիկ ունակություններով օժտված անհատականություն էր, մտավորականի բարձր տիպար, պարզ, անկեղծ ու բարյացակամ:
Հասարակությունը կորցրեց իր լավագույն մտավորականին, ազգային նվիրյալ գործչին: Ցավակցում ենք Հրաչիկ Սիմոնյանի հարազատներին՝ նրանց մաղթելով համբերություն:
Հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի՝ հունվարի 31-ին՝ ժամը 17.00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը կկայանա երկուշաբթի՝ փետրվարի 1-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքից:
Երեւանի պետական համալսարան