Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռեկտորի փոփոխության անհրաժեշտությունը «վերեւում» է որոշվում. «Հրապարակ»

Հունվար 30,2016 11:13

Հայաստանի երկու խոշոր բուհերում առաջիկա ամիսներին ռեկտորի ընտրություններ են սպասվում։ Մանկավարժական եւ Տնտեսագիտական համալսարանների ռեկտորների պաշտոնավարման ժամկետը լրանում է, եւ պետք է նոր ընտրություններ տեղի ունենան։ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ուղղորդելով դեպի մամուլի վարչություն։ Փոխարենը խոսեց Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյունն Աթոյանը։

– Երկու օր առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրապարակեց բուհերի վարկանիշավորման աղյուսակը, եւ Տնտեսագիտական համալսարանը մեջտեղի սանդղակներում էր։ Սա ինչո՞վ է պայմանավորված, առհասարակ՝ Ձեր բուհում առկա խնդիրների մասին հաճախ է բարձրաձայնվում, հնարավո՞ր է ռեկտորի փոփոխությունը բարելավի բուհի դիրքերը կամ նպաստի խնդիրների լուծմանը։

-Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։

– Տարբեր։ Օրինակ՝ կոռուպցիոն երեւույթների, քանզի նախարարն էլ ասաց, որ կոռուպցիա բոլոր բուհերում կա։ Ձեր բուհում չկա՞ն կոռուպցիոն դրսեւորումներ։

– Դե, իհարկե, կարող է ինչ-որ բաներ կան, բայց ճչացող բաներ ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ։ Եթե կոռուպցիայի տակ նաեւ հովանավորչությունն եք հասկանում, իհարկե, կլինեն, բայց էդպես մեծ, լուրջ բաներ չկան։ Դուք ինքներդ կարող եք հարցում անցկացնել ուսանողների շրջանում, ինքներդ համոզվել դրանում։

– Հենց ուսանողների հետ հարցումներն են դրա մասին վկայում, որ կոռուպցիոն երեւույթներ հաճախ են լինում, քանի որ թանկ բուհ է, վարձը բավականին բարձր է, հարուստ ուսանողներն էլ շատ են։

– Իսկ ո՞վ է ասել, թե թանկ բուհ է։ Էդպես չէ, տպավորությունն է էդպես։ Ես, որպես մասնագետ, ասեմ, որ երբ որ վարձը բարձր է լինում, դիմորդ չի լինում, իսկ մեզ մոտ դիմորդների թիվը տեղերի թվից երկու անգամ գերազանցում է։ Հիմա Դուք ինքներդ որոշեք՝ ռեյտինգ ունի՞, թե՞ չունի, վարձը բա՞րձր է, թե՞ բարձր չէ։

– Լավ, ինչպես հասկացանք, Ձեր հետագա պաշտոնավարումը, ամեն դեպքում, չի բացառվում, որովհետեւ այլ թեկնածուների անուն կարծես թե այս պահին չի շրջանառվում։

– Ախր, դա էդպես չէ, էլի։ Ի՞նչ է նշանակում՝ բացառվում։ Ախր, Դուք գիտեք, որ դա ընտրություններով է որոշվում, այլ բան է առաջադրվելը։ Հիմա, եթե էս պահին ես որեւէ որոշում չունեմ, Ձեզ ի՞նչ ասեմ։ Ախր, հիմա ռեկտորի պաշտոնը… դե, ռեկտորի պաշտոն է, էլի, ով կլինի, ինչ կլինի… Եթե Դուք իմ տրամադրությունն եք ուզում շոշափել, ես էս պահին էդ ուղղությամբ չեմ մտածել։

– Եթե Ձեր առաջադրումը չլինի՝ Դուք չցանկանաք, կամ Ձեզ չառաջադրեն, Ձեզ փոխարինողներ այդ պաշտոնում տեսնո՞ւմ եք, եւ արդյոք փոխարինման անհրաժեշտություն կա՞։

– Ամեն տեղ բոլորին փոխարինող կա, էնպես չի լինում, որ դատարկ մնա որեւէ բան, էլի։ Բայց տեսեք, Դուք ինձ հարց եք տալիս, որի պատասխանը ես իրավունք չունեմ տալու։ Ի՞նչ է նշանակում անհրաժեշտություն։ Անհրաժեշտությունը որոշում է «վերեւը», ոչ թե «ներքեւը», ոչ թե մարդն ինքն է որոշում՝ անհրաժեշտություն կա՞ իրեն փոխելու, թե՞ չկա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031