Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեքը մեր վերաբերմունքի մեջ է

Հունվար 30,2016 10:00

Կյանքիս առաջին 21 տարին ես ապրել եմ Աջափնյակում, «խրուշչովյան» բնակարանում: Չորս հոգով զբաղեցնում էինք 28 քառակուսի մետր, «շուշաբանդը» բաժանված էր երկու խցի, որոնցից յուրաքանչյուրում «բնակվում էինք» քույրս եւ ես: Բացարձակապես ինձ նեղված չեմ զգացել` ոչ բարոյապես, ոչ էլ նյութապես: Ավելին, այդ՝ ոչ մի ճարտարապետական արժեք չունեցող 6 մուտքանի շենքն ինձ համար թանկ է, որովհետեւ դա իմ կյանքի անբաժանելի մասն է: Եթե Լենինգրադյան 8 շենքը քանդեն, ես ցավ կզգամ, եւ իմ զգացմունքները, հավանաբար, կկիսի եւս մի քանի տասնյակ մարդ: Մնացած երեւանցիների, հայաստանցիների, հայերի համար, իհարկե, դա ամենեւին էլ ցավ չի լինի:

Մայրաքաղաքի կենտրոնն, իհարկե, ուրիշ է: Դա մշակութային միջավայր է, որի հետ կապված են հարյուր հազարավոր մարդկանց հիշողությունները, պատմությունները, գուցե նաեւ` առասպելները: Այստեղ մենք գալիս էինք Աջափնյակից, Մասիվից կամ Երրորդ մասից, նաեւ Երեւանից եւ Հայաստանից դուրս գտնվող վայրերից՝ Քաղաքի օդը շնչելու: Այստեղ կարեւոր է ոչ միայն այն՝ արդյոք կենտրոնի շենքերը ճարտարապետական գլուխգործոցնե՞ր են, այլեւ այն, թե որքանով են դրանք կապված քաղաքի մշակութային միջավայրի հետ: Տվյալ շինությունը, իրը, քարը ձեռք է բերում նշանակություն ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ «դատավորների» վճռով դրանք «գեղեցիկ» են կամ «տգեղ», «ֆունկցիոնալ են» կամ «ոչ ֆունկցիոնալ», «սարայ» են, թե պալատ, այլ՝ շնորհիվ իրենց պատմական, մշակութային եւ հոգեբանական «ներբեռնվածության»:

«Աֆրիկյանների տուն» ասելով՝ մենք նկատի ունենք նաեւ կյանքի, բիզնեսի եւ բարեգործության նկատմամբ վերաբերմունքը, որն ունեին այդ ազգանունը կրող գործարարները: Օպերային թատրոնի շենքը ոչ միայն Թամանյանի գլուխգործոցն է, այլեւ մի տեղ, որտեղ բեմադրվել են հրաշալի ներկայացումներ, հանդես են եկել մեծ արտիստներ: Թե չէ՝ «ֆունկցիոնալ առումով» հիմա կարելի է կառուցել ավելի մեծ եւ ժամանակակից ներկայացումների համար ավելի պիտանի շենք:

Մոսկովյան «ստալինկաները» ներբեռնված են ստալինիզմի եւ ստալինյան նոմենկլատուրայի ոգով: Դրանց բավականին նման Հյուսիսային պողոտան ներբեռնված է բախտի բերմամբ թե պատահմամբ հարստացած եւ նման շենքեր պատվիրող հիմնականում անճաշակ եւ անգրագետ մարդկանց ոգով: Այդ շենքերը մեծ են ոչ միայն այն պատճառով, որկառուցապատողները ցանկանում են դրանցից առավել շատ «փող քամել»՝ այստեղ կա նաեւ կարեւոր «գեղագիտական» նրբություն. անճաշակ մարդիկ գեղեցիկը պատկերացնում են որպես ինչ-որ մեծ եւ պլպլան մի բան: Մինչդեռ, ինչպես այդ առիթով ասել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, տաքությունը գալիս է փոքր, ոչ թե մեծ բաներից:

Հիմա անհագ կառուցապատողների պլանի տակ են Արամի փողոցի մնացած շենքերը: Վախենամ, հասարակությունը սկսի դրա դեմ բողոքել այն ժամանակ, երբ դրանք մի գիշեր քանդվեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անհերքելի եւ ափսոսալի է որ, մեր սիրելի Երեւանի արդիականացման/անհրաժեշտ զարգացման գործընթացում, երբեմն տեղի կ’ունենան վայրագ սայթաքումներ: Սա, տառացիօրէն, ակնյայտ է: Սակայն այնուհանդերձ, տարօրինակ է որ ոչ մէկ դրական խօսք չենք լսեր երբեք, որեւէ վերանորոգման կամ շինարարութեան մասին: Միայն ու միայն ծանր քննադատութիւններ, գանգատ եւ ողբ, նաեւ այս մարզին մէջ: Օրինակի համար, պարզապէս տրամաբանական չէ ասելը թէ նախընտրելի պիտի ըլլար որ Մայրաքաղաքի Կեդրոնը մնար այն, ինչ որ էր քսան տարիներ առաջ… Սակայն ինչո՞ւ երբեք չենք լսեր որեւէ գնահատանքի խօսք, այդ մասին: Արդեօք մեր մէջ կը խեղդենք այդպիսի արդարացի ծափահարութիւններ, որպէսզի յանկարծ անոնցմով չքաջալերվի՞ անշարժ գոյքի երեվակիչների սանձարձակութիւնը… Տարօրինակ մօտեցում է: Մինչդեռ, միայն զզվանքի, հայհոյանքի եւ ցասման արտայայտութիւնների արժանացող առեւտրական կեդրոնները, հանրային վայելքի վայրերը, շողշողուն թաղամասերը, միշտ ել լեցուն են խուռներամ ժողովուրդով – ներառեալ մեծաթիւ տեղացիներ – : Քանի անգամ հանդիպել եմ անձերու որոնք բուռն կերպով կ’անիծեն Հիւսիսային Պողոտան… անոր մէջտեղը սրճարան մը բազմած, սիրուն ճելաթոյի մը կամ անուշաբոյր սուրճի մը առջեւ:

  2. Գալուստ Ենոքյան says:

    «…այն ժամանակ, երբ դրանք մի գիշեր քանդվեն…» հարգելի Արամ , այդ ժամանակը վաղուց այստեղ է, բավական առաջ , մոտավորապես այն ժամանակներին երբ Թամանյանը մեծ դժվարություններով ստեղծեց իր գլուգործոցը…շատերը գովերգում են «խորհրդային մշակույթը» սակայն արդոք Թամանյանը, Չարենցը, Վահրամ Փափազյնը, Հրաչյա Ներսիսյանը , Համո Բեկնազարյանը ,Վիկտոր Համբարձումյանը, Գյուրզադյանը…խորհրդային մշակույթի ներկայացուցիչներն էին…Ստալինյան «մշակույթի սրբագործումը» նրանց նմանների «քոքը» կտրեց, նրանցից հետո իհարկե ունեցանք տաղանդավոր հայեր, թերեվս նշածս անհատների աշակերտները, սակայն այսօրվա իրականություննն է իրական «խորհրդայի մշակույթը»…նույնը իհարկե ավելի մեծ չափերով Ռուսաստանում է…

  3. Ալեքսանդր says:

    Կարծում եմ՝ ամեն ինչում չափի զգացումը չի խանգարի: Թիֆլիսի Ռուսթավելի պողոտայում կառուցված և նորոգվող ու նորոգած շենքերը հողից չեն սարքվել և դրանք իմաստ ունի նորոգել և պահպանել, առավել ևս, որ դրանցից շատերը կառուցել են հայերը: Բայց եկեք, նույնիսկ պահպանելով զգացմունքային փրփիռը, քայլենք Աբովյանից մինչև Սախարովի հրապարակ և նայենք այնտեղի ողորմելի, ցեխով ամրացրած անճոռնի փլատակերը: Լեզուս չի պտտվում՝ դրանք անվանել շենքեր: Մի՞թե դա է Երևանը, որ պետք է պահենք: Գուցե իմաստ ունի, իհարկե առանց շահադիտական նպատակների, զանազանել փլատակը մշակութային արժեքից:

  4. Ruben says:

    Երեւանը գերբեռնված է կենսաբանական տականքներով:

  5. Լավատես says:

    Ազգային արժեքները պահպանողը գյուղն է գյուղացիով, ազգը ոչնչացնելու համար առաջին հերթին գյուղն են քանդում, երբ գյուղացուն իր հողից կտրում են։ Դրա համար էլ քաղաքացին ամեն ինչ պիտի անի, որ գյուղացին մնա իր հողի վրա ու ստիպված չթողնի իր գյուղը։ Հակառակ դեպքում տուժում են բոլորը՝ եւ գյուղացին եւ քաղաքացին՝ ազգը հետադիմում է եւ դառնում այլազգի քոչվորների ձեռքի խաղալիք։

  6. Ռուբեն says:

    Ես այս հոդվածը կբաժանեի երկու մասի`
    ա) մինչև վերջին նախադասությունը – հոդվածի նախաբան
    բ) վերջին նախադասությունը – հոդվածի հիմնական նյութ:

    Ինչպես ասում են` “Անտարբերությունն ամենամեծ չարիքն է”:

  7. Մեսրոպ Թումանյան says:

    Անշնորհք ու անհասկանալի մի բան կա այս ամենում: Ժողովուրդ-իշխանություն հարաբերության մեջ միթե՞ պարտադիր է այս ամենը: Ի՞նչ է նշանակում թաքուն շենք քանդել: Ինչու չի կարելի խորհուրդ անել : Ստացվում է, որ երկրի քաղաքացին անընդհատ, մի անիմաստ պայքարի մեջ պիտի լինի իր երկրի ղեկավարների հե՞տ: Դա երկրի մեջ ստեղծում է անհամաձայնության մթնոլորտ: Ամեն մի նման գործողություն թուլացնում է երկիրը:

  8. Գեւորգ says:

    Հարգելիներս, ինչ է ,,լավն,, ու ,,վատը,,? Իմ կարծիքով, լավ է այն ինչը որպես լավ է ընկալվում եւ՝ հակառակը: Սովետի տարիներին էլ էին տներ քանդում, եւ տարօրինակ բան՝ ում տունը ,,պլանի տակ,, էր ընկնում – ,,մաղարիչ,, էր սարքում: Տարեցները պիտի հիշեն, որ նկուղների մեջ ապրող (կամ գրանցված) շատ մարդիկ բնակարան էին ստանում ընդհանուր սկզբունքներով: Եթե մեկը չէր ցանկանում իր թաղից շատ հեռու գնալ, ապա ժամանակավոր բնակարան կամ վարձ էր ստանում եւ մոտակայքում շենք կառուցվելուց հետո, այնտեղ էր բնակարան ստանում: Սեփական առանձնատուն քանդելու դեպքում, թե տան արժեքն էր տրվում եւ թե բնակարան հատկացվում: Ասելս այն է՝ ա) ՄԱՐԴՈՒՆ ՀԱՐԳՈՒՄ ՈՒ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ էին: Երկրորդ կարեւորագույն կետն է՝ բ) կառուցապատման ծրագրերն ընդունվում ու իրականացվում էին ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՄԲ, ԲԱՑ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՒ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ պայմաններում, առանց հետին մտքի կամ մասնավոր ,,բզինես,, շահերի: Եւ ժողովուրդն ամեն նոր կառույցով ուրախանում ու հպարտանում էր միայն, հավատալով ու երբեք չկասկածելով, թե վատ բան է արվում: Իսկ հիմա մարդկանց վզին տալով, պապական տնից շպրտում են փողոց, տեղը բազմահարկ պլպլան հույրանոց սարքում, քանդկազարդ հին քարե շենքերի գլխին ինչ որ անհամատեղելի ,,տարածքներ,, ավելացնում, կամ ուզած ձեւով այլափոխում: Մասնագետ ճարտարապետներն ինչ դեր ունեն այստեղ, կամ ով է նրանց բերանին նայում: Շահ, բիզնես, փող, հարստացած չարչու ինքնագոհություն ու գռեհիկ ճաշակ …. արդյունքում զզված ու հիասթափված ժողովուրդ, որոնց համար ամենալավ ու օգտակար բանն էլ որ անես, մեկ է, թքելու են ու ամոթանք տալու՝ շնորհակալության փոխարեն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031