«Առավոտը» ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց` ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկման դրված հակահայկական բանաձեւերից հետո, որոնցից մեկը վեհաժողովը մերժեց, իսկ մյուսն ընդունեց, այս իրավիճակում Հայաստանն ու ԼՂՀ-ն հաղթանակա՞ծ, թե՞ պարտված են, պարոն Բաբայանը պատասխանեց. «Հաղթանակն այն է, որ Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակին, քանի որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում, կաշառում տարբեր պատգամավորների, որ նմանատիպ աննորմալ բանաձեւեր ԵԽԽՎ-ում քննարկվեն ու ընդունվեն, բայց դրանց արդյունավետությունը բարձր չէ»:
Դավիթ Բաբայանը նկատում է, որ թեեւ Ռոբերտ Ուոլթերին վարձատրեցին մանաթներով, եվրոներով, բայց, միեւնույն է, այդ ամենը ձախողվեց: Պարոն Բաբայանը ընդունեց նաեւ պարտությունը. «Պարտությունը ոչ թե հայկական կողմինն է, այլ եվրոպական կառույցների, ժողովրդավարության: Եթե հեղինակավոր մի կառույցում ընդունվում է նման մի աննորմալ զեկույց, սա նշանակում է, որ այդ կառույցում կա լուրջ խնդիր: Անհնար է, որ նորմալ իմունային համակարգ ունեցող կառույցում նման զեկույցներն անցնեն»:
«Առավոտ» օրաթերթ
29.01.2016