Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուները, որ պահում են գմբեթը

Հունվար 30,2016 15:30
merujan Ter-Gulanyan

Մեր բոլոր ձիերը ծնվել են ջրից, եւ որովհետեւ մեր ջրերը քիչ էին` ձիերը քիչ եղան, եւ որովհետեւ ձիերն էին քիչ` ձիավորները քիչ եղան, եւ որովհետեւ ձիավորները քիչ էին` մեր երկիրը փոքրացավ, փոքրացավ ու մնաց այսքանը: Հիմա սա է մեր երկիրը…

Այս տողերը ես վերհիշեցի տարիներ առաջ Գարուն ամսագրում տպագրած իմ մի ծավալուն էսսեից, որն անվանել էի Արարատյան երկիր, ուր ես փորձ էի անում փնտրել ժամանակի հերոսին խորհրդային լճացումներում ու չէի գտնում: Չէի գտնում եւ հեռանում էի դեպի մեր անցյալը, դեպի պատմություն, ուր կային հերոսներ, որ կամ բանահյուսվել էին, կամ հորինվել ժամանակների գրի մեջ, ինչպես արել էր Եղիշեն` մեր ազգի պառակտումը փառաբանող առաջին մունետիկը:

Հեռանում էի պատմություն` մտածելով, որ առաջ եմ գնում, ոչ թե ետ, քանի որ կարծես թե մեր բոլոր առաջնորդներն ու հերոսները մնացել էին այնտեղ, իսկ ես հերոս էի փնտրում, որն ինձ եւ ջրերի ծնունդ մեր չհասկացված ամբողջ ցեղին առաջնորդեր դեպի այնտեղ, ուր Զվարթնոցի երեսունվեց սյուները պիտի որ միակամ ու միահաստատ լինեին, որ պահեին համընդհանուր կամքի գմբեթը` որպես մեր հավերժության անձնագիր: Եվ քանի որ միասնական կամքով չենք կնքում ու վավերացնում աշխարհին ներկայանալու մեր իսկ անձնագիրը, կարող ենք վերածվել գետնաքարշ ու շարունակ գունաթափվող եւ սպառված մարդկանց աննպատակ երթի…

Եվ հիմա` հերոսի իմ փնտրտուքներից այսքան տարիներ անց, Ղարաբաղի ազատագրումով արդեն ուրվագծվեց, ձեւավորվեց, դարձավ տեսանելի հպարտություն, որպես մեր ժամանակների հերոսի պատկեր՝ մեր բանակը:

Սակայն, ափսոս, մեր հաղթական երթին անմիջապես էլ հաջորդեց համընդհանուր կամքի անսպասելի անկումը, երբ սասանվեցինք առտնի հոգսերի առջեւ, եւ մեր մի աչքն սկսեց սահմանից այն կողմ նայել՝ հայտնի չէ՝ ինչ փնտրելու:
Եվ ճանապարհ բացեցինք օլիգարխատառապ եւ համմերահալած թվացյալ ապահովության խաբկանքին` որպես բնականոն շարունակություն մեր արդեն սասանված կամքի, դարձյալ հայտնվեց ժամանակի հերոսը:

Եվ սպասված անսպասելիությամբ հայտնվել էին նրանք` բոլորիս սթափեցնող աշխարհածավալ զրնգոցով, հայտնվել էին ոսկե շախմատի մեր հինգ տղաները` մեր ժամանակների փնտրված հերոսի նշանը ճակատներին: Եվ պարզվեց, որ նշանն այդ անուն ունի, եւ անունն է միասնական թիմ, որը հաղթանակի տանող համընդհանուր կամքի միակ արտահայտությունն է…

Գրում եմ ու մտածում, որ մեր բանակը մեր այսօրվա եւ վաղվա նոր Զվարթնոցի գմբեթը պահող երեսունվեց սյուներն են, եւ հավատում եմ, որ մեր զինվորներից ոչ մեկը իր ուսը չի հանի գմբեթի տակից՝ համոզված, որ գմբեթը պահողը հենց ինքն է:
Թե չէ պատմությունը դաժան է, որովհետեւ իր ծոցում պահում է նրանց միայն, ովքեր ապրեցին ու արարեցին հանուն, իսկ նրանց, ովքեր գործեցին ընդդեմ, պատմությունը պատժում է` պատժում գետնաքարշ մոռացությամբ, այսինքն թե՝ փառաբանելով մեր զինվորին եւ բանակի ուժն ու միասնությունը՝ այդ ոգին սահմանից դեպի ներս տեղափոխենք՝ մեր ներսում կրելով մեր զինվորի արժանապատիվ պատասխանատվությունը:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031