Լրահոս
Օրվա լրահոսը

«Տանկերը վառելիքով լցված են, հրանոթների սնարյադները պատրաստ են…»

Հունվար 30,2016 15:00

Ներքին գործերի նախկին նախարարը`
հեղաշրջում պատրաստող բանդայի եւ ներքաղաքական զարգացումների մասին

«Տաքսյակ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի պատասխան տվեց ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը հարցին` հետեւե՞լ եք անցած տարեվերջին ԱԱԾ-ի բացահայտած զինված բանդայի գործին, որը պատրաստվում էր Հայաստանում հեղաշրջում իրականացնել: Հիշեցնենք՝ անցած տարեվերջին ԱԱԾ-ն բացահայտեց եւ ձերբակալեց Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր խմբին: Այնուհետեւ այս գործով ձերբակալվեցին նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Վահան Շիրխանյանը, Գառնիկ Գեւորգյանը, ազատամարտիկ, «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը: Այս բացահայտումն ու ձերբակալությունները բավական թերահավատորեն ընկալվեցին հասարակության կողմից: Ավելին, նույնիսկ ԱԱԾ-ի վերաբերյալ հումորների տեղիք տվեցին: Փոխարենը այդ ձերբակալությունները բազմաթիվ հարցեր առաջացրեցին՝ իշխանությունների ինչի՞ն էր պետք այս, շատերի համոզմամբ, բեմադրությունը: Սուրեն Աբրահամյանին, սակայն, այս առիթով մի քանի, իր բնորոշմամբ` վայ քաղաքական գործիչների գնահատականներն են զայրացնում: «Ոչ իրենց մասնագիտական գիտելիքներով, ոչ էլ իրենց մարդկային որակներով նման կատեգորիկ գնահատականներ տալ, այն էլ՝ ոչ թե մեկ, այլ մի քանի մարդկանց ճակատագրի հետ կապված, իրենց համար անընդունելի է»,- ասաց նա՝ հավելելով, որ ցանկանում է արդարությունը հաստատվի. «Աստիճանաբար բոլորին բաց են թողնում, էդ մարդիկ գան` իրենց տներին հասնեն: Եվ հատկապես այդ երեխեքը մեղք են, էդ մարդիկ տարիքն առած… Անկեղծ ասած, զենքի առկայությունը փաստ է, արդեն իսկ շատ վտանգավոր հանցագործություն է, բայց, համենայնդեպս, այդ մարդկանց մասնակցությունը, որոնց ես ճանաչում եմ, մի քիչ հավատս չի գալիս: Վահան Շիրխանյանի, Գառնիկ Մարգարյանի հետ ես անձնական մոտ հարաբերություններ չեմ ունեցել, բայց հաստատ համոզված եմ` այս երկրի, այս պետության դեմ վատ բան նրանք դժվար թե կարողանային անել»:

Այս գործը շատերը կապեցին սահմանադրական բարեփոխումներից, կեղծիքներից հանրության ուշադրությունը շեղելու փորձի հետ: Սուրեն Աբրահամյանը համաձայն չէ. «Չէ՛: Սահմանադրական փոփոխությունների հետ կապված ոչ մի խնդիր իրենք չունեին, ոնց ասել էին` էդպես էլ պիտի լիներ»: Իսկ իշխանության ինչի՞ն էր սա պետք: «Չեմ կարողանում հասկանալ: Ինչ-որ ոգեւորությունը, շատ առաջ գնալը, կատարած աշխատանքի կարեւորությունը… չեմ կարողանում հասկանալ: Անկեղծ: Այդքան սպասել ենք, այդ մարդիկ տառապում են, բայց մի քիչ էլ սպասենք` տեսնենք, վերջին հաշվով ի՞նչ գնահատականներ կտան: Արդեն մի քանի հոգու բաց են թողել: Ինձ թվում է՝ մյուսներին էլ… ովքեր զենքերի համար պատասխանատու են… Չգիտեմ: Իրենք էլ ոչ մի ինֆորմացիա չեն տալիս այդ հարցի վերաբերյալ: Միայն ԱԱԾ լրատվական ծառայությունն է հաղորդագրություններ տարածում, բայց նախաքննության տերը, ի վերջո, դատախազն է: Եթե ոչ հանրապետության, գոնե քաղաքի դատախազի մակարդակով որոշակի պարզաբանումներ պիտի տրվեն: Հասարակության համար անհանգստացնող հանգամանք է: Բոլորը լուռ են, ԱԱԾ-ն էլ` ինքը բռնել, ինքն էլ մեկնաբանում է: Այդպես չի լինում»:
Առաջիկայում Հայաստանին նաեւ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում` նոր Սահմանադրության որոշ դրույթներ արդեն սկսում են կիրարկվել, խորհրդարանական ընտրություններ են, որոնք էականորեն փոխելու են քաղաքական կարգը մեր երկրում, նոր Ընտրական օրենսգիրք է գրվում եւ այլն: Հետեւո՞ւմ եք այդ գործընթացներին, ի՞նչ վերադասավորումներ են հնարավոր, ի՞նչ պատկեր ակնկալել` մեր հարցին Սուրեն Աբրահամյանն ասաց, որ մի քիչ շուտ է այդ մասին խոսել: Դիտարկմանը, որ ընտրացուցակների, հաջորդ խորհրդարանի պատկերի շուրջ «բազառներն» արդեն սկսված են` հակադարձեց. «Քանի որ մենք այդ բազառներին չենք մասնակցում, գլխի չենք` ի՞նչ են որոշում, ի՞նչ են անում: Մենք մեր գործն ենք անում եւ պատրաստվում ենք ընտրությունների: Բացարձակապես տեղյակ չեմ, չեմ էլ հետաքրքրվում` ում ինչ են խոստանում, ինչ են տալիս»: Սուրեն Աբրահամյանը համաձայն չէ, որ Հայաստանում ընդդիմության ողնաշարը կոտրված է, թեեւ կարծում է, որ «մեկ տարուց ավելի է՝ քաղաքական ընդդիմությանը մորթում են` աշխարհի մեղքերն ընդդիմության վրա բարդելով, մտածված եւ ոչ մտածված, թեեւ իշխանություններն ասում են, որ ի շահ երկրի՝ քաղաքական համակարգը պիտի կայանա»: Նա հորդորում է ընդհանրական գնահատականներից վերանալ. «Երբ կոնկրետ հարցի վերաբերյալ ասում են` կաշառվել են, ծախվել են. դրան տեր կա` ո՞վ: Ամբողջ ընդդիմությունը հո այդպիսի՞ն չի: Արդեն մնացել է գազի գնի համար մեղադրեն ընդդիմությանը: Ի՞նչ կապ ունի ընդդիմությունն ընտրության հետ, որ ասում են` գնացեք, ընտրությունները պահեք: Իշխանության ձեռքին է դատախազությունը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, բանակը. ինքն ընտրությունները պիտի կազմակերպի, ինքն էլ պատասխանատուն պետք է լինի: Ընդդիմությունն ընդամենը պետք է այդ գործընթացի մասնակիցը լինի: Տեղից վեր կացողն ընդդիմությանն ասում է` իսկ դուք ի՞նչ արեցիք ձեր ձայները պահելու համար: Իսկ ի՞նչ պիտի անեինք»:

Սուրեն Աբրահամյանը հիշում է` երբ մի քանի տարի առաջ իրեն հարցրել են` ընտրություններին պատրաստվո՞ւմ եք, ինքը պատասխանել է` «այո, տանկերը վառելիքով լցված են, հրանոթների սնարյադները պատրաստ են, մնում է միայն օդուժի հարցը լուծենք ու գնանք ընտրությունների: Ծիծաղելի է, չէ՞: Այդ խեղճուկրակ 18-19 տարեկան աղջնակից ի՞նչ պահանջես, որ վստահված անձ է էնտեղ: Ժամանակին մեկը հազար հոգանոց բիլագավոր տղերք էր ուզում (այդ գաղափարն Արշակ Սադոյանինն էր-Ն. Գ.), մյուսը` վեց հազար հոգի` ընտրական տեղամասերը պահելու համար… էդ մոտեցումը չի լինելու, դու ճակատամարտի չես գնում, չես կարող դու պետության դեմ` վեց չէ, ութ հազար հոգով էլ, որովհետեւ 70 հազարանոց բանակ ունի: Պիտի քաղաքական կամք դրսեւորեն, իրենք նորմալ ընտրություններ անցկացնեն: Ո՞նց արեցին, ի՞նչ արեցին, ի՞նչ ուժ ի ցույց դրեցին` ժողովրդին նրանց հետեւից տարան, հետո` հիասթափություն. այդ բոլորը շատ լավ աշխատեց: Բայց այս փոքր երկրի ու պետության համար այնքան հոգս ու խնդիրներ կան, որ ամեն ինչ ոտքից գլուխ խառնելու համար ընդամենը 5-6 ամիս է պետք` որոշակի ֆինանսական հնարավորության պարագայում»:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ բոլոր կարգի ընտրություններից առաջ էլ ասվել է` ընդդիմության ողնաշարը կոտրված է, ընդդիմություն չկա, բայց նկատում է, որ ընտրություններից ընդամենը 15-20 օր առաջ սկսվում է: «Ոչ մեկը թող հույս չփայփայի: Լինելու է այդ ընդդիմությունը: Տես՝ հլը ինչ ջահելություն է դուրս գալու: Նոր լիդերներ են լինելու, նոր մոտեցումներ: Զիմբաբվեում, որտեղ մարդ էին ուտում, արդեն նորմալ ընտրություններ են կարողանում անել. մենք էլ, ի վերջո, պիտի՞ կարողանանք մեկ անգամ ընտրությունները նորմալ կազմակերպել: Այնպես որ՝ թող ոչ մեկը հանգիստ չքնի: Ընդդիմությունը լինելու է: Մենք կլինենք, ուրիշը կլինի` էական չի: Ընդդիմությունը միշտ լինելու է: Դեռ ինչ-որ ձեւավորում են, իշխանություններն են ձեւավորում: Իսկական ընդդիմությունը մեկ տարուց, կես տարուց կգա»,- ասաց նա:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ իր ղեկավարած կուսակցությունն անպայման մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սուրեն Աբրահամյանն ասաց, որ հստակ ոչինչ դեռ ասել չի կարող` քաղաքական կոնսուլտացիաները շարունակվում են:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    // Անկեղծ ասած, զենքի առկայությունը փաստ է, արդեն իսկ շատ վտանգավոր հանցագործություն է, // – Հայրենիքի համար կամավոր մահվան դեմ գնացած մարդու համար իր ձեռքի զենքը իր եղբոր կամ զավակի նման բան է, նա չի կարող հենց այնպես բաժանվել իր զենքից: Վերջապես, եթե սափրագլուխ ջահել ծառա-բուղեքը պիստոլետը քամակներին պտտվում են ու ուզածին տրորում (կարծեմ Ձեզ էլ է փայ հասել, հարգելի գեներալ) ապա ազատամարտիկն իր զենքից ինչպես բաժանվի? Սարգսյան տկոյի նմանը տերտերներին ու այլասեռված ընկերներին անվանական զենք էր բաժանում՝ օրինականորեն, իսկ ազատամարտիկի տանը ժանգոտ որսորդական հրացանը պետականության դեմ ուղղված ահավոր հանցանշան է դիտվում! Ոչ վաղ անցյալից գիտենք, որ ցանկացած թուրքի տանը զենք էր պահվում, իսկ իրեն հարգող հայ տղամարդը ինչու չպիտի այն ունենա?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031