Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարկովիչը ստացած շաբաշների դիմաց պորտապար է պարում Ալիեւի առաջ»

Հունվար 30,2016 14:30

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մտահոգություն ունի, որ Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը աղտոտելու է բանակցային մթնոլորտը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում քննարկման դրված Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը Վեհաժողովը մերժեց, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով բանաձեւը, այնուամենայնիվ, ընդունվեց: Սարսանգի ջրամբարի խնդրին վերաբերող այս զեկույցը ոչ պակաս վտանգավոր է: Մասնավորապես, այստեղ ամրագրված են մի շարք ոչ հայանպաստ ձեւակերպումներ. «Վեհաժողովը դատապարտում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարակից այլ տարածքների բռնազավթումը»: Հոդված 7.1-ով պահանջ է դրված. «Վեհաժողովը պահանջում է Հայկական զինված ուժերի անհապաղ դուրսբերում նշված տարածաշրջանից»:

«Առավոտը» ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց` արդյոք նման զեկույցների ընդունումը չի՞ վնասի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, պարոն Բաբայանը պատասխանեց. «Չի վնասի այն առումով, որ սա որեւէ նշանակություն չունի, պարզապես PR առումով ինչ-որ մի թղթի կտոր է լինելու Ադրբեջանի ձեռքին: Բայց շատ շուտով բոլորը կհասկանան, որ սա լուրջ փաստաթուղթ չէ եւ նույնիսկ չունի պարտադիր կիրառման ուժ: Բայց այս փաստաթուղթը միանշանակ աղտոտելու է մթնոլորտը եւ ցույց է տալու Ադրբեջանի իսկական պատկերը, որ նա պատրաստ չէ նորմալ երկխոսության, հակամարտության կարգավորման, ծանր իրավիճակի մեջ է դնում Մինսկի խմբի համանախագահներին, նրանց թիկունքից հարվածներ է հասցնում: Հետեւաբար ո՞նց կարող ենք մենք նման «գործընկերոջ» վրա հույս դնել»: ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ Միլիցա Մարկովիչը հայտարարել էր, որ ցանկացել է այցելել ԼՂ, սակայն իշխանություններն իրեն պատասխանել են, թե չեն կարող թույլ տալ մի կառույցի մուտք ԼՂ, որի անդամները չեն ճանաչել ԼՂՀ-ն: Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք` արդյոք Մարկովիչը ճի՞շտ է ասում, նա պատասխանեց. «Սուտ է ասում, նման բան չի եղել: Նա ստացած շաբաշների դիմաց պարում է պորտապար Ադրբեջանի իշխանությունների` Ալիեւի առաջ, հետեւաբար նման խոսքեր էլ պետք է օգտագործի»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031