Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի դատավորների վճիռներն են Եվրադատարանից հետ գալիս ու բյուջեից միլիոններ տանում

Հունվար 30,2016 14:00

Սիրիահայ գործարար Ավեդիս Կարագուլյանը բնակարանները հանձնել է առանց սահմանված քանակի օդատարի, սակայն դատարանը նրա կողմից է

Հայաստանի Հանրապետության դատավորների մեղքով Եվրադատարանի վճռով ՀՀ բյուջեից արդեն միլիոնավոր գումարներ են վճարվել ու պետք է վճարվեն մեր երկրի մի շարք քաղաքացիներին: Այդ քաղաքացիների թվում են նաեւ իրացման գոտու տասնյակ բնակիչներ, որոնք Հայաստանի Հանրապետության եռաստիճան դատարանում չկարողանալով արդարության հասնել՝ վճիռները բողոքարկել էին Եվրոպական դատարանում:

Չնայած այս հանգամանքին՝ մեր երկրի դատավորները շարունակում են այնպիսի վճիռներ կայացնել, որոնց՝ Եվրադատարանում բողոքարկումից պետբյուջեին կրկին վնասներ են հասցվելու:

Խոսքը, մասնավորապես, սիրիահայ գործարար Ավեդիս Կարագուլյանին պատկանող «ԱՖՈ Ֆ.Մ.Հ.» ընկերության վերաբերյալ դատավորների կայացրած վճիռների մասին է: Այս գործարարը իրացման գոտու բնակիչների հետ կնքած պայմանագրով պետք է բնակարանը հանձներ ավարտուն վիճակում, սակայն ինչպես իրացման գոտու բնակիչ Մարինե Ղազարյանն է ասում՝ բնակարանում անգամ դռները, բռնակները, պատուհաններն ու «գլազոկն» են պակաս եղել՝ չհաշված ճաքերն ու խոհանոցը հյուրասենյակից չառանձնացնելը։ Բացի այդ, նոր կառուցված շենքն էլ է նախագծային կանոններից խիստ տարբերվել։ Տիկին Ղազարյանի խոսքերով՝ կառուցապատողն անտեսել է անմիջականորեն անվտանգության նորմերին առնչվող կարեւոր հանգամանքներ, այն է՝ օդատարի եւ ծխատարի առկայությունը:

«Երբ պայմանագիր է կնքում, պարտավոր է հավուր պատշաճի կատարել պայմանագրով նախատեսված բոլոր կետերը: Ինքը «չգիտի», որ կառուցելիս այն պետք է համապատասխանի շինարարական, ճարտարապետական նորմերին: Ինքը «չգիտի», որ շենքը շահագործման հանձնելիս պետք է այն համապատասխանի շենքի նախնական հատակագծին՝ հաստատված քաղաքապետարանի կողմից: Ինքը «չգիտի»՝ երբ նախնական հատակագծի մեջ փոփոխություններ է անում, դա պետք է փաստացի հաստատվի քաղաքապետարանի կողմից: Ինքը «չգիտի», որ բնակելի շենքերը անպայման պետք է ապահովված լինեն 2 օդատարով, հատկապես խոհանոցը, իսկ եթե շենքը գազիֆիկացված է, նաեւ՝ ծխատարով, «չգիտի», որ բնակարանները պետք է ձայնամեկուսացված, ջերմամեկուսացված, ջրատար խողովակները հիդրոմեկուսացված լինեն, կոմունալ հարմարությունները՝ տեղադրված, եւ շատ-շատ բաներ չգիտի շենքի կառուցապատման մասին: Շատ հնարավոր է, որ ինքը «չգիտի», որ ինքը միայն ֆինանսավորում է, բայց իր համար աշխատող ճարտարապետները, ինժեներները եւ մնացած մասնագետները ինչի՞ համար են: Շահագործման հանձնելիս ակտի տակ ստորագրողներն է՞լ «չգիտեին»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն: Նրա խոսքերով՝ երբ հարցուփորձ էին անում, թե ինչու այս կամ այն խնդիրը բնակարանում լուծված չէ, սիրիահայ գործարարը պատասխանել է, թե չի իմացել, որ ասենք՝ բնակարանը պարտադիր երկու օդատար պետք է ունենա:

«Իսկ մենք՝ իրացման գոտու բնակիչներս, որ երկար տարիներ սպասել էինք հույսով, որ ահա, վերջապես մենք էլ կապրենք նորմալ պայմաններով բնակարաններում, մեր հույսերը հօդս ցնդեցին: Երբ նրան ներկայացրինք մեր բողոքները, նա շատ ինքնավստահ մեզ պատասխանեց, որ որտեղ ուզում եք՝ գնացեք-բողոքեք, դիմեք դատարան»,- ասաց Մարինե Ղազարյանը:

Բնակիչներն այդպես էլ արել են, սակայն դատավորները գործը արդար քննելու, քաղաքաշինական օրենքներն ու նորմերն ուսումնասիրելու փոխարեն՝ մի բան էլ բնակիչներին մեղադրել են խարդախության, դրամաշորթության, կեղծարարության մեջ: Տիկին Մարինեի խոսքերով. «Դատալսումը նշանակվել էր դատավոր Գ. Խանդանյանի մոտ, որի մի որդին այդ ժամանակ աշխատում էր քաղաքապետարանում, իսկ մյուսը՝ Ավեդիս Կարագուլյանի մոտ՝ որպես իրավաբան: Ամիսներ շարունակ դատավորը ապացույցներ էր փնտրում մեր նկատմամբ հանիրավի մեղադրանքները հաստատելու համար, որն այդպես էլ չգտավ»:

Գ. Խանդանյանի ինքնաբացարկից հետո գործն անցել է դատավոր Գ. Կարախանյանին, սակայն նրա վարույթում էլ գործը ի վնաս բնակիչների է ավարտվել: Տիկին Մարինեի խոսքերով՝ ոչ էլ բողոքարկումն է հարցը լուծել, եւ բնակիչներին ստիպել են բնակարանը այդ վիճակով ընդունել, դրան գումարած՝ դատական ծախսերն ու փորձաքննության ծախսերը դնելով բնակիչների վրա: Երբ բնակիչները փորձել են իրենց ուժերով ավարտին հասցնել Ավեդիս Կարագուլյանի կիսատ թողած գործը, վերանորոգման աշխատանքների ընթացքում նոր խոչընդոտների են հանդիպել, ինչի առիթով էլ կրկին դիմել են դատարան, այս անգամ գործը վարել է դատավոր Ռ. Ափինյանը: Բնակիչները բողոքարկել են օդատարի հարցը, որը բնակարանում բացակայել է: Ըստ տիկին Ղազարյանի. «Երբ փորձում էինք ապացույցները ներկայացնել, դատավորը նույնիսկ չէր թողնում մենք խոսեինք, խոսքը կեսից ընդհատում եւ սաստում էր: Մնացել էինք ապշած դատավորի այդպիսի պահվածքից: Երբ ես նորից խոսք խնդրեցի ու սկսեցի խոսել օդանցքների մասին, նա նորից ինձ ընդհատելով՝ սկսեց այնպես խոսել, մի պահ ինձ թվաց, թե, այսպես ասած՝ «ռազբիրատի» էր դուրս եկել մեզ հետ: Հոխորտալով մեզ լռեցրեց, թե իրենց տան խոհանոցում արդեն 30 տարի մի օդանցքով «յոլա» են գնում: Ասացի՝ մենք այդպես 60 տարի ենք «յոլա» գնացել, պարոն դատավոր, այժմ 21-րդ դարն է, ավելի կատարելագործված, ավելի որակյալ լինելու փոխարեն մեզ ստիպում եք «յոլա» գնալ: Եվ մեր բողոքը մերժեց, դա դեռ քիչ է, Ավոյի փաստաբանի ծախսերը դրեց մեզ վրա»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vincomed says:

    Ոչ թե բուդժեից պետք է վձարել այդ տուժը այլ պահել այն դատավորներից, որոնք կայացրել է այդ սխալ որոշումը. Այդ ժամանակ նրանք յոթ անքամ կմտածեն.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031