Լրահոս
Օրվա լրահոսը

330 միլիոն դրամ «Ֆլեշ»-ին՝ որպես սուբսիդիա

Հունվար 30,2016 13:30

Կառավարությունը 330 միլիոն դրամ որպես սուբսիդիա կտրամադրի «Ֆլեշ» ընկերությանը՝ 6 միլիոն լիտր դիզելային վառելանյութի մատակարարման համար:
Այս գումարը տրամադրվում է ՀՀ հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում:
Այսօր կառավարության նիստին որոշման նախագծին, ամենայն հավանականությամբ, հավանություն կտան:

Որոշման նախագծում գրված է, որ «Ֆլեշի» հետ կնքած պայմանագրի համաձայն՝ այդ դիզելային վառելանյութի 1 լիտրի արժեքը 280 դրամ է: Ծրագրով ձեռք բերված 6,000,000.0 լիտր դիզելային վառելանյութից 100,000.0 լիտրը թողնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրության ներքո, որպես պահուստային քանակ` ըստ անհրաժեշտության օգտագործելու համար:

Դիզելային վառելանյութը հողօգտագործողներին վաճառվելու է մարզպետարանների հսկողությամբ՝ 1 հեկտարի համար մինչեւ 200 լիտր, առավելագույն քանակը՝ 600 լիտր:
Թե ինչպես կիրականացվի այս ծրագիրը, կլինե՞ն արդյոք չարաշահումներ՝ դա թերեւս վերահսկող մարմինները, ցանկության դեպքում, կարող են պարզել: Սակայն հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ այս ծրագիրն այնքան էլ «մաքուր» չի ընթացել. Վերահսկիչ պալատն ու ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողական տեսչությունն այս ծրագրի իրականացման գործընթացում չարաշահումներ էին հայտնաբերել:
«ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռք բերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերում որոշ չարաշահումներ էին կատարվել: Ծրագրի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով նախատեսված` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ձերբակալվել էր Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը:

Հիշեցնենք, որ ըստ մի շարք լրատվամիջոցների հրապարակումների՝ դիզելային վառելանյութը, որը սուբսիդավորվում է պետական բյուջեով, անապահով ընտանիքների համար էր, սակայն բացահայտվել էր, որ մոտ 47 հազար տոննա այդ մատչելի գնով վառելիքից տրամադրվել էր նաեւ դեռ այն տարիներին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին:

Ֆիննախի ֆինանսների վերահսկողության տեսչության ղեկավար Սոնա Ղարիբյանն այդ բացահայտումներից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ կառավարության որոշմամբ՝ սահմանափակում չկա, յուրաքանչյուր հարուստ, եթե հողօգտագործող է, կարող է օգտվել այդ ծրագրից։ Սակայն սահմանափակում է եղել, ըստ որի՝ հարուստները կարող էին օգտվել մինչեւ 30-40 տոննայի չափով, իսկ այն գյուղացիները, որոնց հնարավորությունները ավելի սահմանափակ են, միջինը 500 տոննա են ստացել: Ղարիբյանը նաեւ նշել էր, որ ըստ վերահսկողության արդյունքների՝ ամենաշատ խախտումները արձանագրվել էին Արարատի մարզում, որտեղից պետությանը 83 միլիոն դրամի վնաս էր պատճառվել: Ֆինանսական վերահսկողության տեսչության պետի ներկայացրած տվյալներով՝ Մխչյան համայնքին հատկացված դիզվառելիքի մոտ 65%-ը ձեռք էին բերել Հովիկ Աբրահամյանի հարազատները: 35 հազար լիտր դիզվառելիք գնած հողօգտագործողը Հենրիկ Աբրահամյանն էր՝ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, իսկ մոտ 13 հազար լիտր ձեռք բերածը՝ Հովհաննես Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031